Այսուհետ պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով


Այսուհետ պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով
Հունիս 4 19:46 2020

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Տավուշ տեքստիլ»  և «Արվենդինգ» ՍՊԸ-ների համագործակցության շնորհիվ այսուհետ  քաղաքացիները կարող են պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաև  հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով  մատչելի գնով: Այսօր դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև մայրաքաղաքի այլ հանրային վայրերում գտնվող թվով 50 ապարատների միջոցով: Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամ գնով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:

«Մեր հորդորը և խնդրանքը  բնակիչների մեծ հոսք ունեցող ընկերություններին` առևտրային կենտրոններին, բանկերին, նման ապարատներ տեղադրել, և արդյունքում մենք կունենանք  քաղաքացիների համար շատ ավելի մատչելի, հասանելի դիմակներ»,- նշել է հանձնաժողովի գլխավոր քատուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը` հավելելով, որ հանձնաժողովն այս փուլում փորձում է համագործակցության եզրեր գտնել նաև այլ ընկերությունների հետ: Հանձնաժողովի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ընկերությունների կողմից առաջարկվող գինը մրցակցային է, մտահղացման հիմնական իմաստ այն է, որ մարդաշատ վայրերում քաղաքացիները կարողանան ձեռք բերել մատչելի դիմակներ:

«Արվենդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Ալեքսանյանը տեղեկացրել է, յուրաքանչյուր սարքի մեջ տեղադրված է 10 տուփ, սակայն պահանջարկի դեպքում պատրաստ են ավելացնելու դարակների քանակը:

«Մենք ունենք մեծ ռեսուրսներ, եթե լինեն այլ վայրերում նման տաղավարներ տեղադրելու առաջարկներ, ապա մենք պատրաստ ենք համագործակցության»,- հավելել է նա: 

«Տավուշ տեքստիլի» տնօրեն Միքայել Եզեկյանի խոսքով՝ ընկերությունն օրական արտադրում է շուրջ 300 000 հազար դիմակ և նպատակն է ապահովել որակյալ ու մատչելի արտադրանք վերջնական սպառողի համար, ուստի ոգևորությամբ են արձագանքել հանձնաժողովի նախաձեռնությանը:

Մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն իր հերթին ողջունել է նախաձեռնությունը` կարևորելով ուղևորների անվտանգ երթևեկության ապահովումը:

 



loading...