5G-ի կամ չիպավորման մասին խոսակցությունները պաշտպանական մեխանիզմի դրսևորման հոգեբանական ևս մեկ ապացույց են. Խաչատուր Գասպարյան


5G-ի կամ չիպավորման մասին խոսակցությունները պաշտպանական մեխանիզմի դրսևորման հոգեբանական ևս մեկ ապացույց են. Խաչատուր Գասպարյան
Հունիս 4 14:16 2020

Հիմա ամբողջ աշխարհում կա այնպիսի նոր կասկածամտություն, որ հինգերորդ սերնդի բջջային տեխնոլոգիաներ ունեցող երկրներում ավելի շատ է համավարակը, իրականում դա իրատեսական չէ: Այս մասին այսօր մասնագիտական քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը՝ խոսելով նրա մասին, որ վարակի տարածումը հաճախ կապվում է 5G աշտարակների ստեղծման և չիպավորման հետ:

Նա նշեց, որ հետազոտություններ են եղել, որտեղ ասվել է՝ էլեկտրամագնիսական ազդակների հետ կարող են որոշ տոկոսի բակտերիաներ փոխանցվել, բայց սա կապ չունի  վարակի հետ: «Ինձ թվում է՝ սա հոգեբանական, պաշտպանական մեխանիզմ է, մարդիկ չեն ուզում իրականությունն ընդունել և դրա ավելի խորքում ընկած է մահվան վախը, որի դեմ մարդը պետք է պաշտպանվի կա՛մ առասպելներով, կա՛մ կրոնական նոր մտքերով»:

Ըստ նրա՝ 5G-ի կամ չիպավորման մասին խոսակցությունները պաշտպանական մեխանիզմի դրսևորման հոգաբանական ևս մեկ ապացույց է, որը ակնառու է դարձնում՝ մարդը չի կարող իրականությունն ընդունել:

ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, բգթ պրոֆեսոր Վիգեն Ասոյանն էլ հիշեցրեց, որ ծայրահեղությունների տրվել պետք չէ, պետք է ադեկվատ հասկանալ՝ կա հիվանդություն, որի պատճառը վիրուսն է, որը պետք է բուժվի: Ըստ նրա՝ ինչքան մարդիկ զգույշ լինեն և պահպանվեն պարետի որոշումները, հիվանդության աճը կնվազի: