Արցախում դադարեցվել է հայաստանյան մի քանի հեռուստաալիքների հեռարձակումը


Արցախում դադարեցվել է հայաստանյան մի քանի հեռուստաալիքների հեռարձակումը
Հունիս 3 22:53 2020

Արդեն երրորդն օրն է, ինչ Արցախում դադարեցվել է հայաստանյան մի քանի հեռուստաալիքների հեռարձակումը: Դրանց թվում են «5-րդ ալիքը», «Շողակաթը», «Ա ԹԻ ՎԻ» հեռուստաընկերությունը:  

Hraparak.am-ը գրում է, որ Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ հեռարձակման ընդհատումը տեղի է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով, և պարզ չի, թե Հայաստանի իշխանություններին հաճոյանալու  համար է այս քայլն արվել, թե նրանց ցանկությամբ: Կարծիք կա, որ թիրախը «հականիկոլական» «5-րդ ալիքն» է, որը մեծ լսարան ունի Արցախում և ակտիվ ռեժիմով լուսաբանում է արցախյան թեման, իսկ  մյուս հեռուստաընկերությունները արգելվածների ցուցակում են հայտնվել այս գխավոր նպատակը քողարկելու համար: 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը այս խոսակցությունները համարում է աբսուրդի ժանրից: «Դրանք չեն կարող իրականությանը համապատասխանեն: Ես անձամբ խոսել եմ պատասխանատուների հետ, որովհետև այդ խոսակցություններն ինձ էլ են հասել: Խնդիրը զուտ տեխնիկական է: Խոսքը 5 ալիքների մասին է, որոնցից երեքը երևանյան են, երկուսը՝ այլ, մարզական և երաժշտական: Խնդիրները վերականգնելուն պես այդ ալիքների հեռարձակումը կշարունակվի»: Վահրամ Պողոսյանը հեռարձակումը վերականգնելու ստույգ ժամկետ չնշեց. «Ոնց որ թե ինտերնետով են ստացվում այդ ալիքները, և ինձ ասացին, որ օրվա ընթացքում մեկ տասնյակից ավելի խափանումներ են տեղի ունենում: Այս պահին աշխատում են դրանք վերացնելու ուղղությամբ: Այդ ալիքները շարունակում են ֆիքսված մնալ: Ընդամենը ժամանակի խնդիր է», - ասաց Արցախի նախագահի խոսնակը: 

«5-րդ ալիք» հեռուստատեսության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը «Հրապարակին» հայտնեց. «Մեզ ասել են, որ հեռարձակումը ընդհատելու պաճառը տեխնիկական է, բայց նախկինում, եթե տեխնիկական խնդիր էր լինում, մեզ անմիջապես հայտնում էին և արագ լուծվում էր: Այս անգամ մեզ ոչինչ չի ասվել»: «Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանը մեզանից տեղեկացավ «Շողակաթի» հեռարձակումը Արցախում ընդհատելու մասին:

 «Արցախկապ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ալեքսեյ Ալեքսանյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ հունիսի 1-ից Արցախում դադարեցվել է «Ա Թի Վի», «Ֆուտբոլ մեկ», «5-րդ ալիք» ու «Շողականթ» ընկերությունների հեռարձակումը: «Մեկն էլ կա, հիմա չեմ հիշում: Պատճառը տեխնիկական է: Սարքավորում ունենք վառված: Ուժեղ կայծակ է եղել, այդ սարքավորումը փչացել է: Պատվիրել ենք, խոսք են տվել, որ Ֆրանսիայից պետք է շուտ հասնի այստեղ»: 

- Ինչո՞ւ չեք հայտնել հեռուստատեսություններին, որ հեռարձակումը դադարեցվել է: 

- Վազող ալիքով հեռուստադիտողներին զգուշացնում ենք, բայց անվճար ալիքների դեպքում չենք զգուշացնում: 

-Նախկինում եղե՞լ են նման խնդիրներ: 

- Եղել են, տարին մեկ, երկու տարին՝ մեկ: Էս կորոնավիրուսը ընկավ արանքը, դժվարացավ պատվերներ ստանալը: Թե չէ, հիմա մեկ-երկու օրում էդ սարքը ստեղ կլիներ: 

- Դուք վստա՞հ եք, որ հայկական ալիքների հեռարձակումը հրահանգով չի դադարեցվել, որ դա քաղաքական քայլ չի:

- Չէ հա, «Շողակաթը» ի՞նչ կապ ունի, «Ֆուտբոլ ադինը» ի՞նչ կապ ունի: Ես ինքս ֆուտբոլի բալելշչիկ եմ: Մի քանի օրից կվերականգնվի:

Նյութի աղբյուր՝ hraparak.am