Նկատում եմ վտանգավոր տենդենց՝ ամեն ինչ ժողովրդի վրա գցելու.Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետի հայտարարության մասին


Նկատում եմ վտանգավոր տենդենց՝ ամեն ինչ ժողովրդի վրա գցելու.Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետի հայտարարության մասին
Հունիս 3 14:25 2020

Ժողովուրդը Կառավարությանը չի բերել այս կամ այն ծրագիրը, նախաձեռնությունը տապալելու համար: Ժողովուրդը Կառավարությանը բերել է՝ իր խնդիրները լուծելու համար, որովհետև դժգոհ էր նախկին իշխանությունից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի կանխարգելման ու տարածման դեմ պարետատան ու կառավարության կատարած աշխատանքին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ, եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է Կառավարությունը, եթե մեղավոր է Կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրսը, քանի որ իրենք են Կառավարությանը բերել:

«Հիմա ես նկատում եմ շատ վտանգավոր, անարդար տենդենց՝ ամեն ինչ ժողովրդի վրա գցելու: Չփորձե՛ք ժողովրդին նստեցնել մեղադրյալի աթոռին: Այս վարքագծով մենք կորցնում ենք շատ կարևոր ժամանակ»,-ասաց նա՝ նշելով, թե մասնագետների դիտարկմամբ՝ երկրի առողջապահական համակարգը վարակի տարածման այս ռիթմին դիմանալու ընդամենը երկշաբաթյա ռեսուրս ունի:

«Մենք կարմիր ազդանշանով աշխարհի քարտեզի վրա նշված ենք՝ որպես ամենառիսկային երկրներից մեկը համաճարակի առումով»,-հավելեց պատգամավորը:

Զոհրաբյանն ընդգծեց՝ հասարակության մեջ կա մի հատված, որը չի հավատում կորոնավիրուսին։

«Հանրության մի հատված մտածում է այդպես, որովհետև ի սկզբանե ամենաբարձր մակարդակով հայտարարվեց՝ «կորոնավիրուսն ում շունն է», առողջապահության պատասխանատուները մի օր ասացին, որ կորոնավիրուսը խոզի, թռչնի գրիպից առավել թույլ գրիպի տեսակ է, նախարարներից մեկն ասաց՝ §ես իմ երեխաներին տանելու եմ դպրոց, ով չի ուզում, թող չտանի¦, հայտարարեցին՝ դիմակն ընդհանրապես չի փրկում, հիմա ասում են՝ կրեք: Շարքային քաղաքացին, լսելով երկրի առաջին դեմքերի՝ համաճարակի կանխման համար պատասխանատու դեմքերի՝ իրարամերժ հայտաարությունները, իրավունք ունի մտածելու, որ այստեղ ինչ-որ բան այն չէ»,-ասաց նա՝ կոչ անելով պահպանել սահմանված կանոնները, քանի որ երկորւմ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:

«Այս պահին պետության, քաղաքական ուժերի օրակարգը մեկը պետք է լինի՝ կանխել, կոտրել համաճարակի շղթան և լուծել սոցիալական խնդիրները, մարդիկ սոված են: Հիմա մեղավոր փնտրելու ժամանակը չէ, հիմա լրջանալու, ստեղծված պայթունավտանգ, քաոսային իրավիճակից ելք գտնելու ժամանակն է»,-նշեց Զոհրաբյանը։