«Մեյմանդարի» շուկայում ավտոմեքենա շրջած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն


«Մեյմանդարի» շուկայում ավտոմեքենա շրջած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն
Հունիս 3 12:46 2020

Պարետի որոշման համաձայն՝ հունիսի 2-ից 1 օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի» շուկայի գործունեությունը՝ տարածքը ախտահանելու համար։ Պարետի որոշումը ի կատար ածելու նպատակով շուկա էին այցելել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, շուկայում գյուղմթերքի առուվաճառքով զբաղվող անձինք հրաժարվել են կատարել Պարետի որոշումը և շուկայի մուտքերից մեկի մոտ կայանված մեքենան գլխիվայր շրջել են։ 

Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որը փոխանցվել է Վաղարշապատի քննչական բաժին։


Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել միջադեպին մասնակցած անձանց, կան ձերբակալվածներ։