Էմիլ Արթին (Արթինյան). ժամանակակից ընդհանուր հանրահաշվի հայազգի հիմնադիրը


Էմիլ Արթին (Արթինյան). ժամանակակից ընդհանուր հանրահաշվի հայազգի հիմնադիրը
Հունիս 2 21:52 2020

Էմիլ Արթինը (Արթինյան) հանրահայտ մաթեմատիկոս էր, որը հիմնել է ժամանակակից ընդհանուր հանրահաշիվը։

 

Ծնվել է 1898 թ. մարտի 3-ին Վիեննայում, արվեստի գործերի վաճառականի հայկական ընտանիքում։ Նա մեծացել է Չեխիայում՝ Լիբերեցում։

1916 թ. ընդունվել է Վիեննայի համալսարան, իսկ 1919-ին՝ Լայպցիգի համալսարան։ Ավարտելուց հետո աշխատել է գերմանական համալսարաններում, առավելապես՝ Համբուրգում, ինչպես նաև գիտական գործունեությամբ է զբաղվել Գերմանիայի և ԱՄՆ-ի համալսարանական կենտրոններում։

Ապագա մաթեմատիկոսի ծնողները Էմիլ Արթինը և Էմմա Լաուրա-Արթինն էին։ Հայրը զբաղվում էր արվեստի մանր գործերի վաճառքով և մահացել է 1906 թ., իսկ մայրը մինչև երկրորդ ամուսնությունը երգում էր օպերայում։ Էմիլ Արթինն իր ազգանունը ժառանգել է հայ պապից, ով զբաղվում էր գորգերի վաճառքով և Վիեննա էր տեղափոխվել XIX դարում։

Ըստ Մայքլի՝ Արթինի որդու, «Արթին» ազգանունը սերում է հայկական Արթինյան ազգանունից, որը կրճատել են Գերմանիայում և ԱՄՆ-ում։

1929 թ. Էմիլ Արթինն ամուսնացել է իր ուսանողուհիներից մեկի՝ Նատալի Յասնիի հետ, ում ծնողները հեղափոխությունից հետո նրան տարել էին Ռուսաստանից։ Նա կիսով չափ հրեա էր, և նացիստների իշխանության գալուց հետո Արթինը 1937 թ. հեռացվեց Համբուրգի համալսարանից և արտագաղթեց ԱՄՆ, որտեղ սկսեց աշխատել Ինդիանայի և Փինսթոնի համալսարաններում։ Ավելի ուշ կրկին վերադարձավ Համբուրգ։

Արթինը մաթեմատիկայի տարբեր բնագավառներին վերաբերող աշխատություններ ունի, սակայն նրա գլխավոր հետաքրքրությունը հանրահաշիվն էր։ Է. Նյոթերի հետ համատեղ Արթինը հիմնել է մեզ այսօր հայտնի ժամանակակից ընդհանուր հանրահաշիվը։ Մի շարք տեսությունների հեղինակ է, ինչպես նաև կարողացել է լուծել Գիլբերտի 17-րդ հայտնի խնդիրը։ Ձևակերպել է փոխադարձության օրենքը։

Հայազգի Էմիլ Արթինը մահացել է 1962 թ. դեկտեմբերի 20-ին Համբուրգում։ Ամենահայտնի և օգտակար մաթեմատիկական գրքերն ու աշխատություններն են՝ «Theory of braids», «Galois Theory», «Geometric Algebra», «Class field theory»: