Այդ պացիենտը ապրիլի 15-ից մինչ օրս միացված է թոքերի օդափոխության սարքին. Գեւորգ Սիմոնյանը դեպք պատմեց


Այդ պացիենտը ապրիլի 15-ից մինչ օրս միացված է թոքերի օդափոխության սարքին. Գեւորգ Սիմոնյանը դեպք պատմեց
Հունիս 2 20:23 2020

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ով ժամանակավորապես գործուղվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ որպես ինֆեկցիոն մասնաճյուղի կառավարիչ, այսօր ճեպազրույցի ժամանակ պատմեց մի պացիենտի մասին, որը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղ տեղափոխվել էր դեռեւս ապրիլի 13-ին:

«Նա մեկ շաբաթ ուշ էր դիմել, արդեն երկկողմանի ծանր թոքաբորբով: Ապրիլի 15-ից նա գտնվում է թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված մինչ օրս, 50 օրից ավելի: Բուժաշխատողներն անում են հնարավորն ու անհնարը նրա կյանքը փրկելու համար»,-ասաց նա:

«Արդեն երեք ամիս է, որ բուժաշխատողներն աշխատում են գերլարված, սթրեսային պայմաններում: Քաղաքացիների կողմից շարունակաբար անպատասխանատու վարքի ցուցաբերումը ի վերջո բերելու է բուժաշխատողների հյուծմանը եւ հիասթափեցնելու է նրանց:

Ցավալի է, որ մինչ օրս կան մարդիկ, որոնք չեն հավատում հիվանդության գոյությանը, անլուրջ են վերաբերվում երկրում ստեղծված իրավիճակին: Մինչդեռ մենք ամեն օր ականատես ենք լինում մահերի, ողբերգությունները, մահանում են մարդիկ, ընտանիքներ երբեմն»,-ընդգծեց Գեւորգ Սիմոնյանը: