Կապանի ոստիկանները «Դասուգ» ռեստորանային համալիրում կանխել են զինված «ռազբորկան». կան բերման ենթարկվածներ


Կապանի ոստիկանները «Դասուգ» ռեստորանային համալիրում կանխել են զինված «ռազբորկան». կան բերման ենթարկվածներ
Հունիս 2 20:18 2020

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները կանխել են Սյունիքի մարզում զինված «ռազբորկան»:

Կայքի հաղորդմամբ՝ Կապանի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Քաջարան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սենիկ Զ.-ի բնակարանից 2019 թ.-ի նոյեմբերի 19-ին Քաջարան քաղաքի բնակիչ, 39-ամյա Շանթ Թ.- ի կողմից կատարված առանձնապես խոշոր չափի գողության հետ կապված ֆինանսական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով Կապան համայնքի Սյունիք բնակավայրի «Դասուգ» ռեստորանային համալիրի տարածքում պետք է հանդիպում տեղի ունենա Շանթ Թ.-ի, Սենիկ Զ.-ի, Գնել Ս.-ի եւ Մերուժան Ա.-ի միջեւ:

Ոստիկանները, իրականացնելով օպերատիվ տվյալները, դարանակալում եւ պարզում են նաեւ, որ «ռազբորկային» նրանք լինելու են Nissan Navara մակնիշի, Lexus մակնիշի եւ Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենաներով եւ ավտոմեքենաներում էլ զենք է լինելու ու հնարավոր է՝ հարցերը չլուծվելու դեպքում գործի դրվի զենքը: Ոստիկանները, երբ տեսնում են, որ արդեն «ռազբորկայի» մասնակիցները հավաքվել են մեկտեղ ու արդեն սկսվում են միմյանց մեջ պարզաբանումները, նշված անձանց բերման են ենթարկում ոստիկանության Կապանի բաժնի, որտեղ Սենիկ Զ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հետեւի ձախ նստատեղից հայտնաբերվում է հրազեն, իսկ առջեւի ուղեւորի նստատեղից 17 հատ հրազենի փամփուշտ: Սենիկ Զ.-ն ոստիկաններին հայտնում է, որ նշված հրազենը պատկանում է իրեն: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:



loading...