Մերկ լուսանկարները չհրապարակելու դիմաց անչափահասից պահանջել է 3 միլիոն դրամ (տեսանյութ)


Մերկ լուսանկարները չհրապարակելու դիմաց անչափահասից պահանջել է 3 միլիոն դրամ (տեսանյութ)
Հունիս 1 21:22 2020

Հունվարի 30-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 17-ամյա մի աղջիկ հաղորդում է տվել, որ սոցիալական ցանցերից մեկի անհայտ օգտատերը 3 միլիոն դրամ է պահանջել՝ իր մերկ լուսանկարները և տեսանյութերն ընկերներին ու ծանոթներին չուղարկելու համար։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում շորթման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննության։ Նախաքննության ընթացքում քննչական բաժնի, ինչպես և ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում իրավապահները պարզել են անհայտ օգտատիրոջ ինքնությունը, նա Երևանում բնակվող 22-ամյա մի երիտասարդ էր։ Մարաշի քրեական հետախույզներն օրերս կասկածվողին հայտնաբերել են, բերման ենթարկել բաժանմունք, ապա ներկայացրել նախաքննական մարմնին։ Երիտասարդը ձերբակալվել է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս, որի մեջ հաղորդում տված աղջկա մերկ տեսանյութերն են եղել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։