Ավինյանը՝ սահմանափակումների ռեժիմին վերադառնալու մասին


Ավինյանը՝ սահմանափակումների ռեժիմին վերադառնալու մասին
Հունիս 1 20:37 2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հայաստանում սահմանափակումների ռեժիմի վերադարձը համարում է ծայրահեղ մեթոդ, այս փուլում նման որոշում կամ քննարկման առարկա դեռ չկա:  Ավինյանն այս մասին ասաց պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Սահմանափակումների ռեժիմից բացվելու ռեժիմի անցնելուց ավտոմատ կերպով վարակի տարածման որոշակի ծավալ աճում է: Բայց դեռևս, մեր գնահատականով, այդ տարածման արագությունն ու ինտենսիվությունը մնում է վերահսկելի: Ներկա պահին աշխատում ենք առաջիկա միջնաժամկետ հատվածում ռազմավարական մոտեցումները ձևակերպելու ուղղությամբ: Եվ այդ նպատակով հաշվի ենք առնելու երկրում համաճարակային վիճակն ու տնտեսական հնարավորությունները, որոնք պակաս կարևոր չեն: Իրականում սահմանափակումների ռեժիմին վերադարձը, բազմաթիվ անգամ քննարկել ենք, ծայրահեղ մեթոդ է: Եվ այս փուլում նմանատիպ որոշման կամ քննարկման առարկա դեռևս չունենք»,-ասաց պարետը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանը  հետևում է միջազգային գործընկեր պետությունների կողմից վարվող քաղաքականության տրամաբանությանն ու փուլերին: Իսկ հետագա քայլերը նախանշելու նպատակով առանցքային է լինելու անցած ճանապարհը գնահատելը, այդ թվում՝ այս ընթացքում կիրառված մի շարք գործիքների արդյունավետությունը, կիրառելու և միգուցե այդ նույն գործիքները վերակառուցելու կամ չեղարկելու հարցերը:

Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ, սակայն հանված են տնտեսական գործունեության գրեթե բոլոր սահմանափակումները: