Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը ապաքինվել է․ քննարկվում է նրա խնամակալության հարցը


Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը ապաքինվել է․ քննարկվում է նրա խնամակալության հարցը
Հունիս 1 19:12 2020

Գյումրիում մարտի 5-ին բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը երկարատև բուժումից հետո լիարժեք ապաքինվել է, արդեն պատրաստ է դուրս գրվել, սակայն երեխան որոշ ժամանակով կմնա հիվանդանոցում՝ մինչև լուծվի նրա խնամակալության հարցը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը, հավելելով, որ այդ հարցը պետք է առաջիկայում որոշի Գյումրիի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովը։

 

 

«Նազելին որոշ ժամանակով կմնա հիվանդանոցում մինչև լուծվի խնամակալության հարցը։ Շնորհակալություն ենք հայտնում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ողջ անձնակազմին, բժշկական թիմին, բոլոր այն օգտատերերին ու մարդկանց, ովքեր ուժ տվեցին ու օգնեցին այս ամիսների ընթացքում Նազելիին՝ երկրորդ կյանք վերադառնալու գործում։ 

 

Նա այսօր տրամադրություն չունի, ասում է չեմ ուզում գնալ հիվանդանոցից, անգամ արտասվել է, բայց վստահ ենք, որ հիվանդանոցի պատերից դուրս նրան սպասվում է նոր ու ավելի ապահով կյանք»,- ասաց Դերձյանը։

 

Մարտի 5-ին ժամը 15:40-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ «տրավմային շոկով, գանգուղեղային փակ վնասվածքով»: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները բնակարանում հայտնաբերել էին աղջկա մոր՝ 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով:

 

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ:  Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման էր ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվել էր նախաքննությունն իրականացնող մարմնին: 28-ամյա երիտասարդը կալանավորվել է։

 

Ծեծի ենթարկված 13-ամյա երեխան մարտի 5-ին ծայրահեղ ծանր վիճակում Գյումրիում վիրահատվել էր այնուհետև տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: