Վրաստանի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին դիմակ կրել


Վրաստանի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին դիմակ կրել
Հունիս 1 18:10 2020

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կոչ է արել երկրի քաղաքացիներին դիմակ կրել: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

«Ես կոչ եմ անում մեր յուրաքանչյուր քաղաքացու միշտ դիմակ կրել, հասարակական տրանսպորտում և հասարակական վայրերում: Եկեք դիմակ կրենք: Մենք ստիպված ենք դանդաղ վերաբացել տնտեսությունը: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ցանկություն չկա կրկին ետ դառնալու և տնտեսությունը կանգնեցնելու: Կառավարությունը հասկանում է, որ մեր քաղաքացիներին տրվող սոցիալական աջակցությունը բավարար չէ, այդ իսկ պատճառով մենք ամեն ինչ անում ենք տնտեսությունը բացելու համար»,-ասել է Գախարիան՝ ավելացնելով, որ կառավարությունը շատ զգույշ կգործի այդ հարցում:

«Հավատացե՛ք ինձ, մենք սրանից ավելի ուժեղ դուրս կգանք, և Վրաստանը, որ փոքր երկիր է, կապացուցի բոլորին, որ նա կարողացել է հարմարվել ճգնաժամին, նա կարողացել է ամրապնդել առողջապահական համակարգը, և մենք աշխարհի առաջին երկրներից ենք լինելու, որը բացելու է տուրիզմը»,-հավելել է Գախարիան:

Միևնույն ժամանակ Վրաստանի նախագահը տեղեկացրել է, որ վերջին օրերին երկրում կորոնավիրուսի երկու նոր օջախ է հայտնաբերվել` Թբիլիսիում և Մառնեուլի շրջանի Մարեթի գյուղում:

Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 794 դեպք, վարակման հետևանքով մահացել է 12 մարդ: