Պատրաստ ենք անվճար օգնություն տրամադրել դիմակ չկրելու հիմքով տուգանքները բողոքարկելու հարցում․ «Իրավական ուղի»


Պատրաստ ենք անվճար օգնություն տրամադրել դիմակ չկրելու հիմքով տուգանքները բողոքարկելու հարցում․ «Իրավական ուղի»
Հունիս 1 17:02 2020

«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ պարետի թիվ 92 որոշման պահանջն անհամաչափ ձեւով կիրառելու դեպքերի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ․

«Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պարետի թիվ 92 որոշմամբ, ի թիվս այլոց, սահմանվել է տրանսպորտային միջոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջ, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղեւոր։

Զանգվածային լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ առկա են նշված պահանջն անհամաչափ ձեւով կիրառելու եւ այդ հիմքով քաղաքացիներին տուգանելու մասին բազմաթիվ պնդումներ։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է համատեղ բնակվող ընտանիքի անդամներին տուգանելու դեպքերին, երբ բացարձակ անհասկանալի է դիմակ կրելու պահանջի կապը համավարակի դեմ պայքարի իրավաչափ նպատակի հետ։

Այդ կապակցությամբ «Իրավական ուղի»-ն հայտարարում է, որ պատրաստ է քաղաքացիներին տրամադրել անվճար իրավաբանական օգնություն՝ նշված պահանջի խախտման հիմքով վարչական ակտերը (տուգանքները) սահմանված կարգով բողոքարկելու հարցում։ Բողոքները կազմվելու են համաչափության սկզբունքը խախտելու, ինչպես նաեւ իրավասություն չունեցող պաշտոնատար անձի կողմից սահմանված լինելու հիմքերով։

Մեզ կարող եք դիմել՝ (060) 601948 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-18։00) կամ [email protected] էլ.փոստով։

Միաժամանակ կոչ ենք անում խստորեն պահպանել համավարակի հաղթահարմանն ուղղված բոլոր ողջամիտ պահանջներն ու սահմանափակումները»:



loading...