Նոտեր-Դամի հրապարակը հրդեհից հետո առաջին անգամ կբացվի այցելուների համար


Նոտեր-Դամի հրապարակը հրդեհից հետո առաջին անգամ կբացվի այցելուների համար
Մայիս 31 20:40 2020

Փարիզի Աստվածամոր տաճարի դիմացի հրապարակը, որի մուտքը փակ է եղել հրդեհից հետո, կիրակի կրկին բացվել է այցելությունների համար: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Փարիզի քաղաքապետարանի հաղորդագրությունը:

«2019 թվականի ապրիլի 15-ի գիշեր լույս 16-ին տեղի ունեցած հրդեհից հետո տաճարի դիմացի հրապարակում օդի աղտոտվածություն էր հայտնաբերվել կապարով, ինչի պատճառով էլ այն անհապաղ փակվել էր»,- հիշեցրել են քաղաքապետարանից՝ հավելելով, որ մաքրման աշխատանքները թույլ են տվել զգալիորեն նվազեցնել կապարի պարունակությունն օդում:

Ըստ առողջապահության շրջանային գործակալության՝ ներկա պահին սանիտարական պայմանները թույլ են տալիս բացել հրապարակը հանրության համար: Հրապարակի բացումը նախատեսված է տեղի ժամանակով 15:00-ին (երևանյան՝ 17:00):

Անցյալ տարի բռնկված հրդեհի հետևանքով զգալիորեն վնասվել էր Աստվածամոր տաճարը. կրակն ամբողջովին ոչնչացրել էր փայտե տանիքն ու գմբեթից վեր բարձրացող սայրաձողը, որն ընկել էր և այրվել տաճարի հատակին: