Հնագույն ժամանակների արտասովոր դեղորայքը, որը պատրաստվում էր մահացած մարդկանցից


Հնագույն ժամանակների արտասովոր դեղորայքը, որը պատրաստվում էր մահացած մարդկանցից
Մայիս 30 20:38 2020

Հին Հռոմի ժամանակներից մինչև XX դարը աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ զբաղվում էին մարդու մարմնից պատրաստվող տարատեսակ դեղամիջոցներ ստեղծելով: Եվրոպական հասարակության բոլոր շերտերում բնական երևույթ էր համարվում մարդկանց ուղեղը, ճարպը, լյարդը, արյունը, գանգը, մազերն ու անգամ մեզն օգտագործելը դեղամիջոցներ պատրաստելիս, որոնցով բուժում էին հասարակության բոլոր անդամներին:

 

Մարդկանց մարմինների մասերի վաճառքը եկամտաբեր բիզնես դարձավ այն ժամանակ, երբ մեծ պահանջարկ առաջացավ դիակներից դեղամիջոցներ ստանալու: Հերթական հանցագործին պատժելուց հետո դահիճը դառնում էր քաղաքի գլխավոր մսագործը՝ դիակի մարմնի տարբեր մասերն ու օրգանները առանձնացնելով՝ ըստ բաղադրատոմսի:

Բժշկական մարդակերությունը հավատ էր առ այն, որ այն մարդուց պատրաստված դեղամիջոցը, որն ընդունում էին մյուսները, ընդունողին էր փոխանցում հոգի ու կենսական ուժ:

 

Գլադիատորի արյուն և լյարդ

Հին Հռոմի շատ քաղաքացիներ հավատում էին, որ գլադիատորների ուժն ու խիզախությունը նրանց արյան մեջ է, այդ իսկ պատճառով նորաձև էր համարվում սպանված կամ մահացու վիրավորված գլադիատորի արյունը խմելը, քանի դեռ այն տաք էր՝ քաջություն ձեռք բերելու համար:

Հռոմեացի էպիլեպտիկները նման արյունը «կենդանի» էին համարում: Պարտություն կրած մարտիկն ընկնում էր արենայի կենտրոնում, և նրան շրջապատում էին արյան ծարավ մարդիկ: Իսկ հռոմեացի բժիշկ Սկրիբնիուս Լարգը տեսություն էր առաջ քաշել, ըստ որի՝ էպիլեպիսայի դեմ կարելի է պայքարել այն մարդու լյարդն ուտելով, որը սպանվել է գլադիատորի զենքով: Մարդիկ նման լյարդն անմշակ ձևով էին ուտում:

Երբ մ.թ.ա. 400-ական թվականներին գլադիատորական մարտերն արգելվեցին, էպիլեպսիայով հիվանդները թարմ արյան նոր աղբյուր գտան մահապատիժների վայրերում:

 

Արքայի և այլ հանցագործների արյուն

Համոզմունքն այն մասին, որ էպիլեպսիան հնարավոր է բուժել տաք արյունով, գոյություն ուներ մինչև 20-րդ դարի սկիզբը: Էպիլեպտիկները բաժակներով մոտենում էին մահապատիժների ենթարկվածների կտրված գլուխների մոտ՝ արյուն վերցնելու:

Բժշկական վամպիրիզմը չէր սահմանափակվում հասարակ հանցագործների արյունը խմելով: 1649 թ. հունվարի 30-ին Անգլիայի և Շոտլանդիայի արքա Կառլոս I Ստյուարտին գլխատեցին հեղափոխականները: Կառլոսի ենթակաները շրջափակեցին նրա մարմինը՝ արքայական արյունով լվացվելու համար: Համարվում էր, որ միապետի հպումը կարող էր բուժել այտուցված ավշային հանգույցները, իսկ նրա արյունը՝ ավելի մեծ հիվանդություններ: Երբ Կառլոսի մարմինը մահապատժի վայրից տարան, դահիճը կարողացավ մեծ գումարներ վաստակել՝ վաճառելով արքայի արյունն ու մազերը:

 

Գանգի մամուռ

Մարդկանց ոսկորների «կախարդական» հատկությունները մարդիկ տարածում էին նաև այն մամուռների ու սնկերի վրա, որոնք առաջանում էին ժամանակին չթաղված գանգերի վրա: Դրանց վրա աճող նյութն անվանում էին «ուսնեա», որը լիքն էր մարտի դաշտերում:

17-18-րդ դարերում առողջապահության բնագավառում լայնորեն օգտագործվում էր ուսնեան: Օրնակ՝ մարդիկ քթի միջոցով «ընդունում էին» չորացրած ու մանրացրած քարաքոս՝ իբր թե քթի արյունահոսություն դադարեցնելու համար: «Գանգի մամուռն» օգտագործում էին նաև էպիլեպսիայի դեմ, գինեկոլոգիական և այլ խնդիրներ լուծելու նպատակով:

 

Մարդկային ճարպից քսուք

17-18-րդ դարերում Եվրոպայում գրեթե բոլորը համոզված էին, որ մաքուր մարդկային ճարպը, որը կրկին առանձնացնում ու դեղատներին էին վաճառում դահիճները, անցկացնում էր մաշկային կամ հոդացավերը, ռևմատոիդ արթրիտն ու հոդատապը: Մարդու ճարպով անգամ փորձեր էին կատարում՝ բուժելու կրծքագեղձի քաղցկեղը:

Մարդու ճարպը մեծ հայտնիություն ուներ նաև էլիտայի շրջանում: Անգլիայի թագուհի Եղիսաբեթ I-ը դեմքին էր քսում ճարպից պատրաստված քսուք՝ փորձելով վերացնել ջրծաղիկից մնացած հետքերը: Ավելին՝ թագուհին սիրում էր սնդիկի միացությունից կազմված կոսմետիկա օգտագործել շպարվելու համար: Ըստ շշուկների՝ հենց թունավոր քսուքներն են սպանել Եղիսաբեթին 1603 թվականին: