Բորիս Անանև. ռուսական հոգեբանության հայազգի հիմնադիրը


Բորիս Անանև. ռուսական հոգեբանության հայազգի հիմնադիրը
Մայիս 30 20:35 2020

Հոգեբանության լենինգրադյան դպրոցի զարգացման պատմությունը սերտորեն կապված է հայ գիտնական Բորիս Անանևի անվան հետ: Ժամանակակից հոգեբանության հիմնադիրը ծնվել է 1907 թ. Վլադիկավկասում, հայկական ընտանիքում:

 

Բորիսի հայրը ռուսերենի ուսուցիչ էր և աշխատել է քաղաքի մի քանի դպրոցներում: Ինքը՝ Անանևը, դպրոցից հետո ուսումը շարունակել է Հյուսիսօսեթյան պետական համալսարանում, որը վաղաժամ ավարտել է 20 տարեկան հասակում և ուղևորվել է դեպի Լենինգրադ: 1929 թ. փետրվարին երիտասարդ հայն ընդունվեց Բեխտերևայի անվան Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրա, որը կրկին վաղաժամ ավարտեց 11 ամիս անց: Գիտությունների թեկնածուի աստիճանն Անանևը ստացել է առանց դիսերտացիայի պաշտպանության:

Անանևն իր ուսումնասիրությունները շարունակեց այդ համալսարանում որպես հոգեբանության ամբիոնի ավագ գիտաշխատող, իսկ արդեն 1940 թ.՝ 33 տարեկան հասակում, պաշտպանեց դոկտորական դիսերտացիա և միաժամանակ ստացավ հոգեբանության պրոֆեսորի կոչում:

1944 թ. Անանևն ընտրվեց որպես Լենինգրադի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, այնուհետև դարձավ հոգեբանության ֆակուլտետի դեկան և ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի անդամ, իսկ ահա 1968-ին՝ ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի անդամ:

Ժամանակակից ռուսական հոգեբանության մեջ Անանևի ներդրումն անգերազանցելի է: Նա առաջինն էր ԽՍՀՄ-ում, որ հեղափոխական միտք հնչեցրեց՝ մարդն իբրև իմացության առարկա միասնականորեն ուսումնասիրելու վերաբերյալ:

Հայ գիտնականին համարում են նաև հոգեբանական աքմեոլոգիայի հիմնադիրը: Աքմեոլոգիան զարգացման հոգեբանության բաժին է, որը լուծում է մասնագիտական անձնային զարգացման խնդիրները։ Նրա շրջանակներում է իրականացվում գործունեության մեջ բարձունքների նվաճումը և հաջողության ձեռքբերումը։ 

Բորիս Անանևի բազմաթիվ աշխատությունները մինչ օրս համարվում են քրեստոմատիաներ հոգեբանության գիտության ոլորտում:

 

Յուրաքանչյուր տարի Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում անց է կացվում «Անանևյան ընթերցանություն» խորագրով գիտակիրառական կոնֆերանս, իսկ այն տանը, որտեղ ապրել է Անանևը, մեծ գիտնականի պատվին հուշահամալիր կա կանգնեցված: