Ինչպես էին հայտնի բռնապետները հովանավորում իրենց ամենասիրելի արտիստներին


Ինչպես էին հայտնի բռնապետները հովանավորում իրենց ամենասիրելի արտիստներին
Մայիս 29 19:42 2020

Կրկնվող պատմությունը թույլ է տալիս հասկանալ, որ իսկական բռնապետները պետք է ոչ միայն լավ ընկերներ ու կանայք ունենան, այլև սիրեն արվեստը: Եվ նախկինում ևս, եթե հայտնի բռնապետերից մեկը հավանում էր որևէ արտիստի արվեստը, ապա վերջինիս գլխապտույտ հաջողություններ ու հեղինակություն էին սպասվում:

 

 

Յոհաննես Հեսթերս

Հոլանդական ծագում ունեցող դերասան Յոհաննես Հեսթերսը, ով ապրել է 108 տարի, 1997 թ. հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքի էջերում որպես համաշխարհային բեմի ամենաերկարակյաց արտիստ։ Հեսթերսը հայտնի էր Երրորդ ռեյխում և համարվում էր Գերմանիայի ամենահայտնի դերասաններից մեկը: Ի դեպ, Յոհաննեսին երկրպագում էին ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլև քաղաքական կուսակցության էլիտան:

Հեսթերսը նույն կերպ ժպտալով ելույթ էր ունենում ինչպես շարքային զինվորականների, այնպես էլ անձամբ Ադոլֆ Հիտլերի համար, ով դերասանին պաշտում էր Լեգարի օպերայում կոմս Դանիլոյի կերպարում: Շատերը կարծում էին, որ նրա հեղինակությունն անառողջ կերպով է աճում, սակայն դա այնքան էլ այդպես չէր: Նա ոչ միայն չփորձեց Հիտլերի կուսակցության անդամ դառնալ, այլև անգամ գերմանական քաղաքացիություն չընդունեց: Ընդգրկված  չլինելով ոչ մի տեսակի քարոզչության մեջ՝ նա շարունակեց մնալ հետպատերազմյա Գերմանիայի ու Ավստրիայի մշակութային գլխավոր կերպարներից մեկը: Սակայն նրա հայրենիքում՝ Հոլանդիայում, քաղաքացիներն այլ կարծիք ունեին Հեսթերսի մասին, այդ իսկ պատճառով 1964 թ. սպասվող նրա ներկայացմանը շատերը հեգնանքով վերաբերվեցին, և ներկայացումը ստիպված եղան չեղարկել:

Ինքը՝ Յոհաննեսը, վստահ էր, որ պատերազմի տարիներին ոչ մի վատ բան չի արել, իսկ ահա 2008-ին, երբ տարեց հասակում նա հոլանդական հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց, Ադոլֆ Հիտլերին անվանեց «լավ տղա»: Երբ նրա կինը ընդհատեց նրան՝ հիշեցնելով, որ Հիտլերը մարդկության պատմության վատագույն հանցագործներից էր, Հեսթերսը պատասխանեց. «Գիտեմ, սիրելի՛ս, սակայն իմ հանդեպ նա միշտ բարի է գտնվել»:

Նապոլեոնի պալատական կոմպոզիտորները

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը սիրում էր երաժշտություն, բայց ոչ յուրաքանչյուր ժանրի: Անգլիական ու ֆրանսիական երաժշտությունը կորսիկացին ատում էր, սակայն միաժամանակ գնահատում էր իտալական օպերաները: Բոնապարտի ամենասիրելի կոմպոզիտորը Ջովաննի Պաիզիելլոն էր, ով 1801 թ. հրավիրվեց Փարիզ՝ ապագա միապետի սեփական նվագախումբը ղեկավարելու: Ավելի վաղ Պաիզիելլոն Ռուսական կայսրության Եկատերինա II թագուհու պալատի աստղն էր:

Մաեստրոն երկար ժամանակ ընդդիմանում էր նապոլեոնական քմահաճույքներին և հրաժարվում էր ընդունելուց առաջարկը, սակայն վերջիվերջո նա համաձայնեց տեղափոխվել Ֆրանսիա միայն նրա համար, որ չփչանային Նեապոլի և Փարիզի հարաբերությունները: Պալատում Պաիզիելլոն գրել և ներկայացրել է միայն մեկ օպերա: Դա «Պրոզերպինան» էր, որը դուր եկավ Բոնապարտին, սակայն այնքան էլ լավ չընդունվեց պալատական հասարակության կողմից: Ավելի ուշ Ջովաննիին հաջողվեց վերադառնալ կնոջ մոտ՝ Նեապոլ, որտեղ էլ նա երաժշտություն գրեց Նապոլեոնի գահակալման արարողության համար, ապա՝ նրա յուրաքանչյուր ծննդյան տարեդարձի առիթով:

Եվս մի իտալացի կոմպոզիտոր, որը շահել էր Նապոլեոն Բոնապարտի սերը և դրա հիման վրա մեծ կարիերա էր ստեղծել, Գասպարե Սպոնտինին էր: Այս արտիստը 1805 թ. գրեց «Վեստալուհին» օպերան, որը նվիրված էր տաճարի կրակի պահապան կույսի և բարձրաստիճան զինվորականի մեղավոր սիրային հարաբերություններին: «Վեստալուհու» հաջողությունից հետո Ֆրանսիայի կայսրը Գասպարե Սպոնտինիին պատվիրեց «Ֆերնան Կորտես» օպերան, որը նվիրված կլիներ Մեքսիկայի նվաճմանը: Ի դժբախտություն Սպոնտինիի՝ ամեն ինչ Նապոլեոնի ծրագրով չընթացավ, և քաղաքական նկատառումներով օպերան չցուցադրվեց: 1817 թ. Կորտեսի մասին օպերան վերստեղծվեց և ցուցադրության դրվեց, սակայն կրկին հաջողության չհասավ:

 

Մարիա Յուդինա

Դաշնակահարուհի Յուդինա Մարիա Վենիամինովնան կոնսերվատորիա ընդունվեց կայսեր ժամանակ՝ 1912-ին, և ավարտեց բոլշևիկների իշխանության ժամանակ՝ 1921-ին: Մարիան առանձնանում էր իր փայլուն տաղանդով, և նրա ելույթները հաճախ ներկայացնում էին Խորհրդային գլխավոր ռադիոյով:

Մի անգամ գիշերը՝ 1944-ին, անքուն Իոսիֆ Ստալինը լսեց, թե ինչպես է Յուդինան նվագում Մոցարտի 23-րդ դաշնամուրային համերգը և հուզվեց: Խորհրդային ժողովրդի ղեկավարը պահանջեց, որ այդ ձայնագրությունը նրան հանձնեն ձայնապնակով: Ի դժբախտություն ռադիոյի ախատակիցների՝ հեռարձակումն ընթանում էր ուղիղ եթերով, այդ իսկ պատճառով նրանք ստիպված եղան արթնացնել Մարիա Վենիամինովնային, ինչպես նաև նվագախմբի մյուս բոլոր անդամներին, որպեսզի Մոցարտի համերգը կրկին կատարեն և ձայնագրեն այն ձայնապնակի վրա՝ ընկեր Ստալինին հանձնելու համար: Առավոտյան Ստալինը չկարողացավ ոչ մի տարբերություն գտնել օրիգինալ հեռարձակման և ձայնապնակի ձայնագրության միջև:

Ավելի ուշ Յուդինային նամակ եկավ, որում 20 հազար ռուբլի էր դրված: Որպես պատասխան՝ Մարիան գրեց Ստալինին, որ ողջ գումարը տաճարին է նվիրաբերել, որ Աստված բարեգութ է, և որ ինքը խոստանում է աղոթել առաջնորդի բոլոր մեղքերի թողության համար. միգուցե դա նրան օգնի ինչ-որ կերպ չընկնել դժոխք: Իոսիֆ Ստալինը կարդաց Մարիայի պատասխան նամակը և անգամ չգնդակահարեց նրան, այլ ընդամենը մի կողմ դրեց նամակն ու վերջ: 16 տարի անց Մարիային ուղարկեցին «վաստակած հանգստի» Գնեսինների համալսարան, որտեղ նա երկար ժամանակ դասավանդեց: Ստալինից հետո եկած իշխանություններն արգելեցին Յուդինային համերգներ ունենալ և ձայնագրվել 5 տարի: Կյանքի վերջին տարիները Ստալինի սիրելի դաշնակահարուհին անցկացրեց զրկանքների ու թշվառության մեջ:

 
 


loading...