Աշխարհի տարբեր ազգերի հետաքրքիր առասպելները կանանց թուլությունների մասին


Աշխարհի տարբեր ազգերի հետաքրքիր առասպելները կանանց թուլությունների մասին
Մայիս 29 20:38 2020

Նիդերլանդների Արնհեմ քաղաքի լեգենդը

Մի օր մի թշվառ կին՝ ձեռքին երկվորյակ երեխաները, ուղևորվեց դեպի ամրոց, որպեսզի Հենսբերգի կոմսուհուն ներկայանա ու նրանից ողորմություն խնդրի : Հրաշագեղ սրահներով անցնող կնոջը, որն ամեն ինչ փչացնում էր իր ներկայությամբ, կոմսուհին շատ կոպիտ վերաբերվեց՝ անարդարացիորեն մեղադրելով նրան անամոթության համար : Թշվառ կինն այնքան էր վախեցել, որ չհասցրեց նույն պահին հեռանալ, և այդժամ անսիրտ կոմսուհին բղավեց նրա վրա. «Վերադարձե՛ք դաշտ : Չի կարելի Ձեր նկատմամբ ափսոսանք զգալ : Դուք անամոթ կին եք, քանի որ երկվորյակ երեխաները չեն կարող մեկ հորից ծնվել» :

 

Այդ պահին խորը վիրավորված կինը դուրս եկավ նվաստացած վիճակից ու համեստորեն օգնություն խնդրելու փոխարեն սկսեց բղավել կոմսուհու վրա. «Անիծվեք դուք, անխի՛ղճ կոմսուհի : Թող ունենաք այնքան երեխաներ, ինչքան տարին օր ունի» :

 

 

Այս խոսքերից հետո նա արագորեն լքեց սրահը : Հպարտ կոմսուհին, իհարկե, ծիծաղեց կնոջ հետևից և նշանակություն չտվեց նրա անեծքին : Սակայն հետևանքները երկար սպասեցնել չտվեցին, քանի որ կոմսուհին ամիսներ շարուակ տանջանքներ կրելով՝ ծնեց 365 երեխա :

Երեխաները մեկը մյուսի հետևից մահանում էին՝ լույս աշխարհ գալուց անմիջապես հետո, իսկ մայրը խելագարվում էր և մահացավ 365-րդ երեխայի ծնունդից հետո :

Հաագայից ոչ հեռու գտնվող գյուղական եկեղեցում մինչ օրս ցուցադրում են կոմսուհու ու նրա երեխաների գերեզմանը, ինչպես նաև այն խորանը, որտեղ մկրտվել են նրա բոլոր 365 երեխաները :

 

Վառելափայտի կապոցն ու օձի համբույրը

Երկու բուլղարական առասպել

Հին ժամանակներում հարկավոր էր առարկային միայն մի բառ ասել, և մարդու դիմաց կհայտնվեին լավագույն կերակուրները, մրգերը, գինին ու այն ամենը, ինչը կամեցել էր մարդը: Սակայն մի կին փչացրեց ամեն ինչ :

Ուղևորվելով մի օր դեպի անտառ՝ փայտ հավաքելու, կինը հրամայեց կտրված փայտի կապոցին ինքնուրույն առաջ գնալ, իսկ ինքը նստեց դրա վրա : Սակայն կապոցն ի վիճակի չէր նման ծանրության կնոջը տեղափոխելու և կանգ առավ :

Այդժամ չար կինը վերցրեց կապոցն ու ողջ ուժով նետեց այն գետնին : Հանկարծ անտառից ձայն լսվեց.

«Ծույլ ու չար կի՛ն : Այսուհետ իրերն ինքնուրույն չեն քայլի, այլ դու ինքդ նրանց կտանես» : Եվ այդ օրվանից ի վեր աշխատանքը բոլորի համար բարդ ու ծանր դարձավ, հատկապես՝ կանանց :

Մեկ այլ, ոչ պակաս բուլղարական առասպելում ասվում է, որ մի կին, անտառում օձ գտնելով, հիշելով անգամ, որ խանդոտ ամուսին ունի, ցանկացավ համբուրել նրան : Օձը կծեց կնոջ լեզուն, այդ պատճառով էլ բոլոր կանանց լեզուները թունավոր են :

 

 

 

Ականջօղերի առաջացումը

Մահոմեթանյան առասպել

Ականջողերը կանանց ամենասիրելի զարդերն են : Դրանք, փաստորեն, սիրված են եղել դեռ շատ հին ժամանակներից, քանի որ դրանք հանդիպել են անգամ վայրի ցեղերի կանանց մոտ : Սակայն մահոմեթանների մոտ ականջօղերն անգամ սուրբ նշանակություն ունեն : Մահոմեթանուհինը դրանց առաջացման մասին հետևյալ պատմությունն են պատմում :

 

 

Մի անգամ Սառան՝ Աբրահամի կինը, խանդ է զգացել Հագարի՝ իր աղախնի և Աբրահամի հարճի նկատմամբ, և խոստացել է, որ յուրաքանչյուր գնով կփորձի աղավաղել այդ կնոջ դեմքը : Աբրահամը, լսելով այդ անեծքը, սարսափել է և փորձել հանգստացնել կնոջը : Սառան խոստացավ ամուսնուն հրաժարվել իր խանդից, սակայն քանի որ խոստացել էր ու անեծք էր տվել, ինչ-որ կերպ պիտի կատարեր դա. այդ պատճառով էլ նա ընդամենը փոքրիկ ծակեր արեց Հագարի ականջներին :

Այսօր թուրք կանայք համարում են, որ ականջօղերի կրումը սկսվել է Հագարից և որ իրենք պարտավոր են կրել ականջօղեր՝ որպես Հագարի նկատմամբ հարգանքի նշան :