Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում


Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում
Մայիս 28 18:00 2020

Հայաստանի Հանրապետության տարածքից մայիսի 28-ի գիշերը նկատված երկնաքարը հնարավոր է՝ ընկել է Թուրքիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում երկնաքարի ընկնելու վերաբերյալ հայտնում է Hurriyetdailynews-ը:

Թուրքական լրատվամիջոցը տեղադրել է սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է երկնաքարը բախվում գետնին ու պայծառ լույս արձակում: Երկնաքարի բախումը նկատելի է եղել Սիվաս, Բինգյոլ, Տրապիզոն, Արդվին ու մի շարք այլ նահանգներում:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունն ու պատկան այլ մարմինները մեկնել են երկնաքարի անկման վայր տարածքը հետազոտելու նպատակով:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ նշված տարածքում երկնաքար է ընկել նաև 2015-ին: Ավելի ուշ հաստատել էր, որ երկնաքարն անջատվել էր չափերով ավելի մեծ՝ «Վեստա» երկնաքարից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։ Ըստ կից մեկնաբանության՝ Հայաստանում՝ Հրազդանից Հանքավան հատվածում, երկնաքար է ընկել։