Պարետատունը ունի տարբեր սցենարներ․ հունիսի 1-ից նոր խստացումներ կլինե՞ն


Պարետատունը ունի տարբեր սցենարներ․ հունիսի 1-ից նոր խստացումներ կլինե՞ն
Մայիս 28 15:12 2020

Հայաստանում կորոնավիրուսի վիճակագրությունը խիստ անհանգստացնող է։ Վերջին օրերի հաստատված դեպքերի թիվը խոսում է այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարն այս պահին չի տվել իր արդյունքները։ Երկու օր առաջ պարետատանը տեղի ունեցած հերթական նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ըստ էության գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ։ Միաժամանակ կառավարության ղեկավարը եւ այդ օրը, և երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ կառավարությունը որոշել է ամենօրյա ռեժիմով խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները։

Գործադիրի ղեկավարն ասել էր՝ մասնագետների հետ երկար խորհրդակցությունների արդյունքում եկել են եզրակացության, որ կորոնավիրուսի հայաստանյան ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն․ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ու լվանալ ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն։ «Բայց օրվա ցուցանիշները ցույց են տալիս՝ մենք չենք սովերել ու չենք սովորում ապրել կորոնավիրուսին զուգահեռ, այնինչ՝ պետք է, քանի որ դեռ մեկ տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր կյանքում», — հայտարարել էր Փաշինյանը։

Պայմանավորված այս հանգամանքով չի բացառվում, որ տնտեսական գործունեության մի շարք ոլորտներ, որոնց գործունեությունը թույլատրված է դարձյալ դադարեցվեն։ Հասարակության լայն զանգվածի, սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ հունիսի 1-ից դարձյալ կդադարեցվի հանրային տրանսպորտի աշխատանքը, կփակվեն մոլերն ու նաև որոշ արտադրամասեր։

Թե որքանով է այս սցենարը հավանական և շրջանառվող տեղեկությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից։

Խոսնակն ասաց, թե չգիտի, թե որտեղից են այդ տեղեկությունները շրջանառության մեջ դրվում, և նման քննարկումներ չեն եղել։ Միաժամանակ վարչապետի խոսնակն ասաց, որ կառավարությունը, պարետատունը ունեն մշակած տարբեր սցենարներ՝ իրավիճակով պայմանավորված։ «Բազմաթիվ սցենարներ, քայլերի հերթականություն կա մշակված, բայց, որ հունիսի 1-ից ավելի խիստ սահմանափակումներ են լինելու, նման որոշում, քննարկում չի եղել»,- ասաց Գևորգյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք, ընդհանուր` 8216, այժմ 4772 վարակակիր կա:

Մահացել է 15 մարդ, ամենաերիտասարդը 43 տարեկան, ամենատարեցը՝ 92, ընդհանուր` 113:

Ապաքինվել է 32 մարդ, ընդհանուր՝ 3287:

Երեկ 1253 թեստ է արվել, ընդհանուր՝ 54931:

Վերջին մեկ շաբաթում օրական հաստատված դեպքերը` 322, 374, 359, 452, 289, 372, 442:

Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 44 մարդ:

Հավելենք, որ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, որը ուժի մեջ է մինչեւ հունիսի 13-ը։ Արտակարգ դրությունը երրորդ անգամ է երկարաձգվել։



loading...