Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի


Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի
Մայիս 27 20:41 2020

Ռուսական պաշտպանաարդյունաբերական համալիրում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը մայիսի 26 –ին հայտնել է, որ «Պոսեյդոն» ստորջրյա անօդաչու սարքի գործարկումը նախատեսված է 2020 թվականի աշնանը, իսկ հիմա փորձարկում են նորագույն համակարգի առանձին հանգույցներն ու ագրեգատները։ Գործարկումը կիրականացվի «Բելգորոդ» բազմաթիրախային ատոմային սուզանավից, որը նորագույն անօդաչուների առաջին փորձառու կրողն է։ Փորձարարական նավը վերամշակվել է հատուկ «Պոսեյդոնի» (նախագիծ 09852) համար ու ջուր է իջեցվել 2019 թվականի ապրիլին Սևերոդվինսկում։ Փորձարկումները կտևեն մինչև 2021 թվականը, և բարեհաջող ավարտի դեպքում «Բելգորոդն» ու «Պոսեյդոնները» կներառվեն Ռուսաստանի ռազմածովային նավատորմում։

Միջմայրցամաքային անօդաչուների առաջին հաստիքային կրողը հետագայում կդառնա «Խաբարովսկ» ատոմային սուզանավը (նախագիծ 098531), որը նախատեսվում է ջուր իջեցնել ամառվա սկզբին, փորձարկումները մոտ երկու տարի կտևեն։ Աշխարհի ոչ մի երկիր նման համակարգ կամ «Պոսեյդոնից» պաշտպանվելու միջոցներ չունի։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Պոսեյդոնի» մշակման մասին հայտարարել էր 2018 թվականին։ Սա Ռուսաստանի անհամաչափ պատասխանն է Արևելյան Եվրոպայում Պենտագոնի ու ՆԱՏՕ-ի հարվածային ներուժի վտանգավոր կուտակմանը, ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությանը, որը կարող է կիրառվել ՌԴ-ի պաշտպանական ներուժի վերացման համար։

Անհավանական անօդաչու

 

«Պոսեյդոնը» ռազմավարական միջցամաքային խորջրյա սարք է` միջուկային էներգետիկ սարքավորումով, որը կարող է 1000 մետր խորության տակ մինչև 10 հազար կիլոմետր անցնել 100 հանգույց արագությամբ (185 կմ/ժամ)։

24 մետր երկարություն ու մոտ 1,6 մետր տրամագիծ ունեցող սարքը նախատեսված է ավիակիր խմբավորումները վերացնելու համար։ Երբ մեծ արագությամբ չի շարժվում, գրեթե ձայն չի հանում, այդ պատճառով այն դժվար է գտնել օվկիանոսում։ Անօդաչու ռեժիմում «Պոսեյդոնը» կարող է տեղաշարժվել այնպիսի խորության վրա ու այնպիսի արագությամբ, որն անհասանելի է հնարավոր հակառակորդի գոյություն ունեցող ու հեռանկարային սուզանավերի ու հրթիռների համար։ Կառավարման ատոմային համակարգը թույլ է տալիս հայտնաբերել և հաղթահարել հականավային սահմաններն ու պաշտպանության այլ համակարգերը։ Դա անխոցելիություն ու հարվածային անհավանական էֆեկտ է երաշխավորում։

Ռուսական մշակումը դեռ փորձարկումների փուլում է անհանգստացրել ԱՄՆ ռազմավարական հրամանատարությանը (STRATCOM)։ Նախորդ տարվա փետրվարին STRATCOM-ի ղեկավար Ջոն Հայթենը նշել էր, որ «Պոսեյդոնը» սկզբունքորեն նոր զենք է, իսկ ԱՄՆ-ում ռուսական նորույթի նմանակներ չեն մշակվում։

Ավելի վաղ ԱՄՆ-ում կանխատեսում-հրապարակումներ էին հայտնվել, որ իբր գլոբալ հակամարտության դեպքում ստորգետնյա սուզանավը կարող է 100-մեգատոննանոց ջերմամիջուկային մարտալիցք հասցնել ԱՄՆ-ի ափերին, ինչը կարող է ցունամի առաջացնել ու օվկիանոս տանել ամբողջ ափամերձ ենթակառուցվածքը ավիակիրների, պաշտպանական գործարանների ու քաղաքների հետ։ Այդպիսով, անօդաչու «Պոսեյդոնը» դեռ մինչ ԶՈւ անցնելը ազդեց միջազգային միջավայրի, մասամբ՝ Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների ռազմական ղեկավարության որոշումների վրա։ Սակայն առանց լուրջ պատճառի (օրինակ՝ ագրեսիայի ակտ ՌԴ-ի նկատմամբ) «Պոսեյդոնը» երբեք չի գործարկվի։

Առեղծվածային «Խաբարովսկ»

«Խաբարովսկ» նորագույն սուզանավն այսօր Ռուսաստանի ամենամեծ ռազմական գաղտնիքներից է։ Բաց աղբյուրների տվյալներով` նավը սկզբունքորեն նոր միջուկային էներգետիկ սարք ունի ու կարող է մինչև վեց անօդաչու «Պոսեյդոն» կրել, որը արևմտյան մամուլում «Ահեղ դատաստանի օրվա տորպեդներ» են անվանում։ «Խաբարովսկի» հիմնական բնութագրերը գաղտնի են։

Սա ստորջրյա ռազմավարական զենքի համակարգերի նոր սերունդն է։ Ատոմային կրող սուզանավերի ու «Ահեղ դատաստանի օրվա տորպեդների» «կրկնակի գաղտնիությունը արդյունավետ պատասխան-հանդիպակաց միջուկային հարված է երաշխավորում, նույնիսկ եթե հեռավոր ապագայում ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին հաջողվի ցամաքում, ծովում ու տիեզերքում ՀՀՊ-ի «անխոցելի» համակարգ ստեղծել։

«Պեսեյդոնը» Ռուսաստանի տեխնոլոգիական գերակայության միակ վկայությունը չէ, բայց բավականին տպավորիչ ու սթափեցնող է հնարավոր հակառակորդի համար։ Սակայն Ռուսաստանի Դաշնությունը սպառնալիքներ ստեղծելու մոլագար ձգտում չունի։ Ավելին՝ աշխարհում ռազմավարական կայունությունն ամրապնդելու համար Մոսկվան պատրաստ է արևմտյան գործընկերների հետ քննարկել պայմանագրային արդարացի պարտավորությունները` աշխարհում կայունության հասնելու համար՝ հաշվի առնելով ռուսական սպառազինության նորագույն ռազմավարական համակարգերի հնարավորությունները։

armeniasputnik.am