Միլիարդատերների կղզին. այստեղ բնակվում են ամենահարուստներն ու զարգացնում են այն


Միլիարդատերների կղզին. այստեղ բնակվում են ամենահարուստներն ու զարգացնում են այն
Մայիս 27 16:05 2020

Ֆիշեր Այլենդը կամ Ձկնորսների կղզին հայտնի է իր հարուստ բնակավայրերով և գեղատեսիլ վայրերով։

 

Կղզու պատմությունն իրադարձություններով այնքան էլ հարուստ չէ, սակայն այն արդեն 100 տարի է, ինչ գոյություն ունի։ Ամեն ինչ սկսվեց 1906 թ., երբ կղզու սեփականատերը Գերման Ուոքերն էր՝ Նորման Ուոքերի՝ պահածոյացված հյութերի ու հյութաքամիչների ստեղծողների հետնորդը։ Այնուհետև Ուոքերը կղզին վաճառեց Դան Դորսեյին, ով ամերիկայի հարավում առաջին աֆրոամերիկացի բիզնեսմենն ու բանկիրն էր։

Դորսեյն իր հերթին սեփականության իրավունքը փոխանցեց Կարլ Ֆիշերին։ Վերջինս անշարժ գույքի գործակալ էր։ Նա կղզում շինարարության համար նախատեսված տարածքներն ընդլայնեց՝ այն ջունգլիներից ու ավազից մաքրելու հաշվին։ Մեկ տարի անց Ֆիշերը հանդիպես իր երազանքին՝ Ուիլյամ Վանդերբիլտի զբոսանավին։ Ֆիշերն իր կղզին փոխանակեց նավի հետ 1920 թ.։ Կղզու նոր սեփականատերը շարունակեց նախկինի գործունեությունը, և 1936 թ. կղզում սկսվեց շքեղ նստավայրի կառուցում՝ հյուրատներով, այգիներով, լողավազաններով ու թենիսի դաշտերով։ Շինարարությունն ավարտվեց 1941 թ.։ 1944 թ. կղզու սեփականատերը մահացավ, և նրա սեփականությունը սկսեցին վերավաճառել։ Ֆիշեր Այլենդն անցավ Գարֆիլդ Վուդի՝ տաղանդավոր ինժեների տնօրինմանը։ 25 տարի  շարունակ նա ապրեց կղզում՝ աշխատելով էլեկտրական ավտոմեքենայի և ռազմական կատերների նախագծերի վրա։

70-ական թվականներին հողի ու անշարժ գույքի սեփականատերերը փոխվեցին, սակայն դա կղզուն հայտնիություն չբերեց։ 90-ականներին, երբ սկսել էր զարգանալ տուրիստական արդյունաբերությունը, կղզում հիմնեցին Fisher Island Club: Կազմակերպիչները «լյուքս» դասի ծառայություններ առաջարկեցին ակումբի հյուրերին։ 2007 թ. վերակառուցվեց Վանդերբիլտների նստավայրը։ Ավելացրին հյուրանոցային վիլլաներ, լողափնյա ակումբ, սպա և ֆիթնես կենտրոններ։

Ներկայումս կղզու վերակառուցումը գրեթե ավարտին է հասցված։ Դրա փոքր տարածքը լի է էլիտար տներով, այգիներով ու ունևոր մարդկանց համար նախատեսված ժամանցի վայրերով։ Կղզի հասնել հնարավոր է միայն ջրային ճանապարհով։ Կղզին մասնավոր է, այդ իսկ պատճառով այնտեղ գնալու համար հրավեր է հարկավոր։ Կղզու շքեղ հյուրանոցում հնարավոր է համար ամրագրել, սակայն դրա գինը սկսվում է $1000-ից։ Առափնյա գիծը լի է տներով։ Կղզու կենտրոնական հատվածն իրենից ներկայացնում է հսկայական այգի՝ արհեստական լճերով, թենիսի դաշտերով, ծառերով ու ծաղիկներով։ Կղզում գործում են դպրոց, փոստ, խանութներ, ռեստորաններ։ Հիմնական տրանսպոտային միջոցը էլեկտրոմոբիլներն են, որոնք օգնում են պահպանել մաքուր օվկիանոսյան օդը։