Վանաձորում թալանել են բուժքրոջը. հարուցվել է քրեական գործ


Վանաձորում թալանել են բուժքրոջը. հարուցվել է քրեական գործ
Մայիս 27 16:08 2020

Լոռու մարզում մայիսի 26-ին, խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 18։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք գողություն են կատարել Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի շենքերից մեկի բնակարանից։

 
 
 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մայիսի 26-ի, ժամը 15։00-ից մինչև 18։00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված եղանակով բացել են Համբարձումյան փողոցի 7-րդ շենքի բնակիչ Նարինե Մկրտչյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը, այնուհետև մտնելով ներս՝ ննջասենյակի զգեստապահարանի միջից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։

Աղբյուրի տեղեկություններով՝ գողը կամ գողերը հափշտակել են 2800 ԱՄՆ դոլար, 250 եվրո, 280 հազար ՌԴ ռուբլի, 2 մլն 100 հազար ՀՀ դրամ և մի քանի միլիոն դրամ արժողության ոսկա և արծաթյա զարդեր։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Ն. Մկրտչյանն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։