Առաջ կապալառուն պայմանավորվում էր տեխնիկական վերահսկողի հետ, որ իր փայը կտա, եւ նա թղթերը կստորագրի. Փաշինյան


Առաջ կապալառուն պայմանավորվում էր տեխնիկական վերահսկողի հետ, որ իր փայը կտա, եւ նա թղթերը կստորագրի. Փաշինյան
Մայիս 27 15:46 2020

Պետական գնումների համակարգում մենք մտցրել ենք պարտադիր բանկային երաշխիքի առկայության համակարգ եւ այդ համակարգը կապվում է տեխնիկական վերահսկողության հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, բոլոր կապիտալ շինարարությունները պետք է զուգորդվեն տեխնիկական հսկողությամբ. «Երկար տարիներ տեխնիկական վերահսկողությունն ուներ ֆիկտիվ բնույթ: Այդ վերահսկողությունն ընդամենը հովանոց էր դառնում կապալառուին ապօրինի շինարարություն անելու համար: Այս թեման բացվել է մեկ տարի առաջ անորակ շինարարությունների հետ կապված: Ես հիշում եմ մի դեպք, երբ Երեւանում գրանցված մի կազմակերպություն տեխնիկական վերահսկողության մրցույթը, որ պետք է տեղի ունենար Մեղրիում, շահել էր 37 հազար դրամով:

Սա նշանակում է, որ հսկողություն չի իրականացվելու, կապալառուն պայմանավորվել է այդ տեխնիկական վերահսկողի հետ, որ իր փայը կտա, եւ նա թղթերը կստորագրի»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ նորմատիվներով տեխնիկական վերահսկողության համար այնպիսի ցածր արժեք էր սահմանվել՝ երկու տոկոս, որ տեխնիկական վերահսկողությունը որպես շահութաբեր ոլորտ, ոչ մեկին հետաքրքիր չէր: «Հիմա ազատականացվում են տեխնիկական վերահսկողության գները, որպեսզի մարդիկ շահագրգիռ լինեն իրականում իրականացնել տեխնիկական վերահսկողություն, դրանից ակնկալել կոնկրետ շահույթներ»,-ասաց վարչապետը: