Հայաստանի նոր պարեկային ծառայության աշխատակիցները կունենան աշխատանքային պլանշետներ


Հայաստանի նոր պարեկային ծառայության աշխատակիցները կունենան աշխատանքային պլանշետներ
Մայիս 27 06:03 2020

Հայաստանում Ճանապարհային ոստիկանության եւ պարեկադիտակետային ծառայության ստեղծման արդյունքում վարչական արձանագրությունների կազմումը կլինի առավելագույնս ավտոմատացված: Նոր պարեկային ծառայության աշխատակիցները կունենան պլանշետներ: Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ոստիկանության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Քրիստինա Գրիգորյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արտեմ Ծառուկյանի հարցին:

Նրա խոսքով՝ նոր ծառայության աշխատակիցները կունենան ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, մասնավորապես՝ տարբեր էլեկտրոնային գործիքներ, GPS քարտեզներ, որոնք որոշակի հասանելիություն կունենան տվյալների բազային եւ տեսահսկման խցիկներին: «Հնարավոր կլինի վարչական իրավախախտումները տեսագրել խցիկների միջոցով: Կենտրոնական դերակատարում կունենա ավտոմատացումը: Մենք արդեն պարեկային պլանշետներով ապահովելու ծրագիր ունենք, որպեսզի նրանք արձանագրությունները ձեռքով չկազմեն: Սա թույլ կտա հասանելիություն ունենալ տվյալների տարբեր բազաներին եւ կազմել էլեկտրոնային արձանագրություններ»,- ասաց Գրիգորյանը: