Զինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան


Զինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան
Մայիս 27 00:25 2020

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություն են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությունը, նրանց ներգրավվածության ու առաջխաղացման խթանումը և հավասար հնարավորությունների ապահովումը, քանի որ կանանց մասնակցությունը դրական ազդեցություն կունենա որոշումների կայացման գործընթացում: Այս մասին «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի եզրափակիչ առցանց նիստին հայտարարել է  ՄԻՊ Արման Թաթոյանը:

Պաշտպանը  քննարկման մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը զինված ուժերում կանանց դերի վերաբերալ կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ, մասնավորապես նշել, որ «Դարձիր օրինակ» իրազեկման արշավի շրջանակում տեսանյութեր են պատրաստվել ինչպես  կուրսանտների, այնպես էլ զինվորական ծառայությունն ընտանիքի հետ հաջողությամբ համատեղող կանանց մասին, որոնք ցուցադրվել են նաև հեռուստատեսությամբ։

Արման Թաթոյանը նաև տեղեկացրել է, որ աշխատակազմում մեծ ուշադրություն է դարձվում  անհատական բողոքներին, օրինակ՝ Պաշտպանի աջակցության շնորհիվ առաջիկայում զինծառայող ամուսինները կկարողանան ծառայության անցնել նույն զորամասում։

Քննարկմանը խոսել են նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան,  ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար դեսպան Դեյվիդ Մորանը, ՄԻԵԴ-ում ՀՀ  ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

ՄԻՊ գրասենյակից հիշեցնում են, որ ծրագիրն իրականացնում է ԵԽ-ն Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար գործողությունների 2019-2022 թթ. ծրագրի շրջանակում և ֆինանսավորում է Միացյալ Թագավորությունը: Գործողությունների ծրագիրը ֆինանսավորում են նաև Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտայնը, Նորվեգիան և Շվեդիան: Ծրագրի գլխավոր շահառուներից է ՄԻՊ  աշխատակազմը:

 



loading...