Մենք շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը․ Զոհրաբ Մնացականյան


Մենք շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը․ Զոհրաբ Մնացականյան
Մայիս 26 22:20 2020

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի` մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հարձակողական բնույթի օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների անցկացմանը, որն իրականացվել է միջազգային հանձնառությունների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Նախարարն ընդգծել է, որ այդօրինակ գործողությունները, որոնք խարխլում են տարածաշրջանային կայունությունը և լուրջ վնաս են հասցնում խաղաղ գործընթացին, պետք է պատշաճ կերպով դատապարտվեն։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև վերահաստատել է Հայաստանի և Արցախի նորընտիր իշխանությունների հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: «Մենք կտրականապես բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության և բոլոր կողմերի համարժեք փոխզիջման»:

Մնացականյանն իր խոսքում նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին՝ ընդգծելով կրոնական և ազգային փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը:

Տեսակապի ձևաչափով անցկացված խորհրդի նիստի ավարտին ընդունվել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ», «Covid-19 համավարակի հետ կապված համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին աջակցության մասին», «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում համերաշխության և փոխըմբռնման մասին» և «ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության հաստատման մասին» համատեղ հայտարարությունները:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ–ն մայիսի 18-22–ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անցկացրեց։