Անտոնիո Գաուդի. պատմության ամենաառեղծվածային ճարտարապետը


Անտոնիո Գաուդի. պատմության ամենաառեղծվածային ճարտարապետը
Մայիս 25 20:24 2020

Մենք հաճախ ենք լսում տաղանդավոր երաժիշտների, գրողների և բանաստեղծների մասին: Ճարտարապետության ոլորտում «տաղանդավոր» բառը համեմատաբար շատ ավելի քիչ գործածական է: Հնարավոր է, որ այս տաղանդը զարգացնելը շատ ավելի դժվար է, քան ուրիշները: Պատմության համար ավելի արժեքավոր է նա, ով կարողացել է մարդկության ճարտարապետական ժառանգությունը համալրել անկրկնելի գեղեցկություն ունեցող կոթողներով: Այդ հանճարների շարքին դասվող ամենավառ ու առեղծվածային ներկայացուցիչն իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդին է՝ Սագրադա Ֆամիլիա հանրահայտ տաճարի, Գուել դղյակի, Բոլիոյի տան և շատ ուրիշ անկրկնելի գլուխգործոցների հեղինակը: Այդ գլուխգործոցները մինչ այսօր էլ գեղեցկացնում են Բարսելոնան՝ վերածելով այն իսկապես յուրահատուկ քաղաքի:

 

Անտոնիո Գաուդին ծնվել է 1852 թվականին Կատալոնիայում, դարբին Ֆրանսեսկ Գաուդի-ի-Սերրայի և նրա կին Անտոնի Կուրնետ-ի-Բերտրանի ընտանիքում: Նա ընտանիքի հինգ երեխաներից կրտսերն էր: Մոր, երկու եղբայրների և քույր Անտոնիայի մահից հետո նա հոր և զարմուհու հետ տեղափոխվում է Բարսելոնա: Դեռ մանկուց Գաուդին շատ հիվանդոտ էր, ռևմատիզմը (հոդացավ) չէր թողնում նրան ուրիշ երեխաների հետ խաղալ: Դրա փոխարեն՝ նա միայնակ երկար զբոսնում էր, ինչն էլ ժամանակի հետ նրան շատ հոգեհարազատ դարձավ: Հենց այդ զբոսանքներն օգնեցին նրան ավելի մոտենալ բնությանը, որը և ոգեշնչում էր ճարտարապետին իր ողջ կյանքի ընթացքում գտնելու կառուցվածքային ու գեղարվեստական ամենաանհավանական խնդիրների լուծումները:

Կաթոլիկ քոլեջում ուսանելիս Անտոնիոն ամենաշատը հետաքրքրված էր երկրաչափությամբ ու կերպարվեստով: Ազատ ժամանակ նա զբաղվում էր տեղի տաճարների ուսումնասիրությամբ: Արդեն իսկ այդ տարիներին ուսուցիչները հիանում էին պատանի նկարիչ Գաուդիի գործերով: Իսկ նա միշտ լրջորեն ասում էր, որ այդ տաղանդն իրեն ի վերուստ է տրված: Իր գլուխգործոցները ստեղծելիս նա շատ հաճախ էր անդրադառնում Աստծո թեմային և չէր հրաժարվում դրանից նույնիսկ իր ստեղծագործության գեղարվեստական տեսակետները ձևավորելիս: Օրինակ, նա չէր սիրում ուղիղ գծերը՝ կոչելով դրանք մարդու արարում: Բայց Գաուդին պաշտում էր շրջանները և վստահ էր, որ դրանք աստվածային սկիզբ ունեն: Այս սկզբունքներն արտացոլվում են իր բոլոր տասնութ ճարտարապետական ստեղծագործություններում, որոնք այսօր Բարսելոնայի հպարտությունն են համարվում: Դրանք առանձնանում են ամենատարբեր նյութերի, ֆակտուրայի և գույների համարձակ զուգակցումով: Գաուդին աշխատում էր իր իսկ ստեղծած ոչ հենարանային վերածածկման համակարգով, որը թույլ էր տալիս տարածությունը մասերի «կտրատել»: Նրա կատարած հաշվարկները հնարավոր եղավ կրկնել NASA-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) կողմից տիեզերական նավերի հետագծի հետ կապված հաշվարկների կատարումից հետո միայն:

Ճարտարապետի առաջին նախագծերից են «Վիսենսի տունը», «Էլ Կապրիչոն», «Գուել առանձնատան տաղավարը»: Դրանք բավականաչափ տարբերվում են միմյանցից, բայց և զարդարված են նեոգոթական ոճի մեծ քանակությամբ դեկորատիվ նախշազարդերով:

Թեպետև ճարտարապետին անվանում էին մոդեռնի հանճար, ընդհանուր առմամբ Անտոնիո Գաուդիի ճարտարապետական ոճը ցնորական է, որին դժվար է բնորոշում տալ: Գաուդին իր ազգային-ռոմանտիկական ուղղության՝ կատալոնյան մոդեռնիզմի ամենավառ ներկայացուցիչն էր: Անհավատալի է, բայց նրան ինժեներ-նախագծողները չէին օգնում, նա սեփական ինտուիցիայով էր առաջնորդվում՝ հիմնվելով միայն հարմոնիայի իր սեփական զգացումի վրա, շատ հաճախ հանպատրաստից էր ստեղծագործում և իր գաղափարը ցանկանում էր օգնականներին հասցնել հարթակի վրա պատկերներ նկարելու միջոցով: Իր ճարտարապետական կոթողներում ամեն ինչ կա՝ արտասովոր կառուցվածքային ձևեր, քանդակներ, գեղանկարչություն, խճանկար, գունապլաստիկա: Պատկերված են մարդիկ ու կենդանիներ, ֆանտաստիկ արարածներ, ծառեր, ծաղիկներ:

Անտոնիոն շատ գեղեցիկ էր, բայց անձնական կյանքում, ավաղ, միայնակ: Իհարկե, նա որոշ սիրային հարաբերություններ է ունեցել, բայց դրանցից ոչ մեկը լուրջ չի եղել, և նա այդպես էլ չի ամուսնացել: Կարելի է ասել՝ նա ամուսնացած էր իր ստեղծագործությունների հետ: Անտոնիոն բավականին ունևոր է եղել և ցանկացած բնակարան վարձելու հնարավորություն ուներ, բայց հերթական նախագծի վրա աշխատելիս նա ապրում էր հենց շինարարության վայրում, մի փոքրիկ խցիկում, հնամաշ հատուկ համազգեստ էր հագնում:

Այդպես էր նաև իր ամենասիրելի և, թերևս, ամենափառահեղ ստեղծագործությունը՝ Սուրբ ընտանիքի քավության տաճարը՝ Սագրադա Ֆամիլիան կառուցելիս, ավաղ, նրան բախտ չվիճակվեց ավարտին հասցնելու շինարարությունը, որը սկսվել էր 1882 թվականին, երբ Գաուդին 30 տարեկան էր, և մինչ օրս չի ավարտվել: Ճարտարապետն այդ նախագծի վրա 40 տարի ծախսեց իր կյանքից: 1926 թվականի հունիսի 7-ին նա լքեց շինարարական վայրն ու անհետացավ: Հենց այդ նույն օրը Բարսելոնայի փողոցներից մեկում տրամվայի տակ է ընկնում մի խեղճ մարդ: Եվ միայն մի քանի օր հետո են ճանաչում այդ խղճուկին, որը, ինչպես պարզվում է, մեծագույն ճարտարապետ Անտոնիո Գաուդին էր: Նրա աճյունը թաղված է Սագրադա Ֆամիլիայի մատուռներից մեկում:

Գաուդիի հուղարկավորության ժամանակ, որին մասնակցում էր քաղաքի գրեթե կեսը, մի առեղծվածային բան է տեղի ունենում: Քաղաքացիներից շատերը, որոնց թվում կային նաև բավականին հարգված անձինք, պնդում էին, որ այդ ամբոխի մեջ նրանք ուրվականներ են տեսել, որոնք եկել էին հանճարին հրաժեշտ տալու: Այդ մասին պատմում էր, օրինակ, Սալվադոր Դալին:

Այսօր այդ հանելուկը, որը ժամանակին ցնցել էր ողջ Բարսելոնան, արդեն պատմություն է դարձել և էքսկուրսիաների ժամանակ պատմելու նյութ: Եվ այսօր էլ գտնվում են մարդիկ, որոնք հավատում են. եթե նույնությամբ կրկնեն Գաուդիի անցած վերջին երթուղին, ապա կարելի է ստանալ նրա անհավանական տաղանդի մի չնչին մասը:

 


loading...