Մեկնարկել է Գորիսի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնում ենթածրագիրը


Մեկնարկել է Գորիսի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնում ենթածրագիրը
Մայիս 25 15:45 2020

Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:

2019 թվականին բարեկարգվել են Գյումրի քաղաքի «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը եւ հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթեւ համայնքի՝ դեպի Տաթեւ վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը եւ Գյուլագարակ համայնքի՝ դեպի Դենդրոպարկ տանող 2800 մետր երկարությամբ ճանապարհը:

Արդեն մեկնարկել է Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնում, Վարարակն գետի հատվածի մաքրում ենթածրագիրը։

Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետեւյալ աշխատանքները՝

Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնում Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների Մաշտոցի, Անկախության, Տաթեւացու փողոցներում` ներառելով մայթերի եւ երթեւեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքներ:

Նշված փողոցներում արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիսի քաղաքի հին եւ նոր հատվածների միջեւ հետիոտնային եւ հեծանվային երթուղու ձեւավորում։

Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի եւ բնակելի տների տանիքների, պատշգամբների եւ ճակատների վերականգնում եւ վերանորոգում:

Գորիս քաղաքի միջով հոսող Վարարակն գետի աջափնյա եւ ձախափնյա հատվածների մաքրում, գետի հենապատերի ամրակայում, բարեկարգված հատվածներում ճեմուղու կառուցում։

Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին Գորիս քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման եւ արդիականացման աշխատանքները:



loading...