Արայիկ Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել


Արայիկ Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Մայիս 25 13:08 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նախարարությունում հովանավորչության մասին ամենատարբեր խոսակցություններին: Նախարարը այդ զրույցներին վերջ տալու համար հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որն ավելի ուշ տեքստային տարբերակով հրապարակել է իր էջում:

«Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Այսինքն՝ այդ հայտարարությունը, առերևույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։

Հետևաբար, խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ, առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով։ Ընդ որում, կարծում եմ, իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին։

Եվ եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը»,- գրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 


loading...