Պարետատանը քննարկել ենք դիմակները հանրային վայրերում ավտոմատների միջոցով վաճառելու հարցը, ինչի արդյունքում գինը մոտ 100 դրամով կիջնի․ Գեղամ Գևորգյան


Պարետատանը քննարկել ենք դիմակները հանրային վայրերում ավտոմատների միջոցով վաճառելու հարցը, ինչի արդյունքում գինը մոտ 100 դրամով կիջնի․ Գեղամ Գևորգյան
Մայիս 25 12:55 2020

Այսօր Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցութան պատգամավոր Նազելի Բաղդասարյանը պաշտպանիչ դիմակի գների վերաբերյալ հարց ուղղեց Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։

 

«Շատ դեպքերում անհարկի շահարկումներ են տեղի ունենում և այսօրվանից արդեն դիմակների կրումը, բաց տարածքներում՝ առկայությունը վերահսկվելու է»,-ասաց նա և հարցրեց, թե արդյո՞ք այստեղ ոչ բարեխիղճ մրցակցությունը տեղ ունի:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ ուսումնասիրությունն ավարտել են և վաղը հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության փաստի հիմքով վարույթի հարուցումը:

«Մենք վերցրել ենք դեկտեմբերից մինչև մայիս ժամանակահատվածը, համեմատել ենք 7 խոշոր ընկերությունների մարժաները և գնային քաղաքականությունը, նախնական ունենք հետևյալ պատկերը. դիմակի ներկրման արժեքը մոտ տասն անգամ բարձրացել է, բայց բացի այդ՝ մարժաների չափը մեզ անհանգստացրել է, ինչի հիման վրա էլ ուսումնասիրություններ ենք կատարել: Ռուսաստանում դիմակը թանկ է Հայաստանից, Վրաստանում՝ Հայաստանից էժան է, Հայաստանում ամենահասարակ դիմակի գինը 220 դրամ է»,-ասաց նա:

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ Երևանում այսօր արդեն 100, 150 դրամով կարելի է ձեռք բերել դիմակ, սակայն մարզերում անբարեխղճության տարրը կա և հատկապես ոչ թե դեղատներում, այլ խանութներում զգալիորեն թանկ են: Գեղամ Գևորգյանը նշեց, որ մարզերում գների թանկացումը պայմանավորված է նրանով, որ երրորդ միջնորդներն են հայտնվում: Նա նշեց, որ պարետատան երեկվա նիստին քննարկել են դիմակներն ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու հարցը, որի արդյունքում դիմակի գինը մոտ 100 դամով կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան։

Tert.am