ԱՄԷ-ն 13 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ 10 մարզերի կարիքավոր ընտանիքներին


ԱՄԷ-ն 13 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ 10 մարզերի կարիքավոր ընտանիքներին
Մայիս 22 23:40 2020

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան աշխատակիցներին: Դեսպանատան աշխատակիցները նշեցին, որ ՀՀ 10 մարզերի կարիքավոր ընտանիքների համար սննդի փաթեթներ տրամադրելու դեսպանության ծրագրի շրջանակում նախատեսվել է 70 փաթեթ տրամադրել Վայոց ձորի մարզի կարիքավոր ընտանիքների: Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին բարեգործական ծրագրում նաև Վայոց ձորի մարզն ընդգրկելու և մարզի կարիքավոր ընտանիքներին սատարելու համար:

«Արաբական Միացյալ Էմիրությունները 13 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրում ՀՀ 10 մարզերի կարիքավոր ընտանիքներին: Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվել է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ ստացել են ընդհանուր առմամբ, ավելի քան 13 տոննա սնունդ: ԱՄԷ-ն « Հիսունամյակի նախապատրաստման տարվա» շրջանակներում և նոր տիպի կորոնավիրուսի տարածման ֆոնին շարունակում է իրականացնել մարդասիրական օջանդակություն տրամադրելու իր հանձնառությունը ողջ աշխարհում՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը:

Տրամադրվող բարեգործական օգնությունները կապված չեն երկրների քաղաքական ուղղվածության, աշխարհագրական դիրքի, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելության հետ, այլ առաջին հերթին ուշադրություն է դարձվում մարդասիրական կողմին և ժողովուրդների կարիքներին: Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ:

Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է արտացոլված նաև Էմիրությունների ներկա տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում»,- Վայոց ձորի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ԱՄԷ դեսպանատան կողմից տրամադրված տեղեկատվությունը։