ԱԺ–ն չի կարող լուծել այդ հարցը. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ դատավորներից «ազատվելու» նոր տարբերակի մասին


ԱԺ–ն չի կարող լուծել այդ հարցը. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ դատավորներից «ազատվելու» նոր տարբերակի մասին
Մայիս 22 23:28 2020

Սահմանադրական դատարանի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցնելը, իսկ մյուս անդամների պաշտոնավարման ժամկետը նույնքան ժամանակով սահմանափակելը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Նման տեսակետ  NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով  Սահմանադրական դատարանի կազմը փոփոխելու՝ իշխանությունների առաջ քաշած նոր տարբերակին։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝  նման փոփոխություն հնարավոր է իրականացնել բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ եթե փորձ արվի հարցը լուծել ԱԺ լիազորությունների շրջանակում, ապա այդ գործընթացը կհամարվի հակասահմանադրական։

 «Նման փոփոխության համար լուրջ իրավական մեխանիզմներ են հարկավոր։ Իմ համոզմամբ, այն չի կարող իրականացվել Ազգային ժողովի կողմից անցումային դրույթներ փոփոխելու արդյունքում, այն հնարավոր է իրականացնել միայն հանրաքվեի միջոցով։ Եթե անձն ընտրվել է, և իր լիազորությունների ժամկետը ֆիքսված է, ապա վաղաժամ  դադարեցնել նրա լիազորությունները, թեկուզև նույն իրավական ակտով, համարվում է վատ պրակտիկա»,–ասաց նա։

Անդրադառնալով ապրիլի 5–ին նշանակված, սակայն համավարակի պատճառով հետաձգված հանրաքվեն ԱԺ–ի լիազորությունների շրջանակներում չեղարկելու հնարավորությանը՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ որևէ երկիր մինչ օրս չի ունեցել նման փորձ և այս առումով կա իրավական գնահատականի անհրաժեշտություն։

Նա միաժամանակ չբացառեց, որ Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն տա, որ հնարավոր է չեղարկման հարցը լուծել ԱԺ իրավասության շրջանակներում։

«Այն, որ այս հանրաքվեն հակասահմանադրական է և չպետք է անցկացվի, կասկածից վեր է, իսկ հանրաքվեն չեղարկելու  ամենաողջամիտ ճանապարհն այն է, որ  իշխանությունները դիմեն Սահմանադրական դատարանին՝  հանրաքվեի սահմանադրականության հարցը որոշելու հարցով»,–ասաց նա։

Հիշեցնենք՝ օրեր առաջ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ: Հարցերը, մասնավորապես, վերաբերում են ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակմանը 12 տարով, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետների տարբերակման բացառմանը, ինչի արդյունքում արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն, իսկ մնացածինը սահմանափակվեն նույն ժամկետով։

Նախատեսվող փոփոխության արդյունքում  կդադարեցվեն ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի (պաշտոնավարել է 23 տարի), Ֆելիքս Թոխյանի (23 տարի) և Ալվինա Գյուլումյանի (ընդհատումներով՝ 13 տարի) լիազորությունները, իսկ Արեւիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանը կշարունակեն պաշտոնավարել ևս 1-2 տարի: Այս փոփոխությունը չի տարածվի  Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի վրա, որոնք  իրենց պաշտոններում նշանակվել են 2018 թ. հեղափոխությունից հետո, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ով դատավոր է ընտրվել 2018-ին, կդադարի լինել ՍԴ նախագահ։

Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ու  ու «Իմ քայլը» իշխող խմբակցությունը վիճարկում են Սահմանադրական դատարանի և նրա անդամների լեգիտիմությունը։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վեց անդամների լիազորությունների դադարեցման հարցով  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է կայանար ապրիլի 5 –ին, սակայն մարտի 16–ին հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեի անցկացումը անժամկետ հետաձգվեց։ Հայաստանի Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում։



loading...