Մեզ «6-րդ վարչություն» հրավիրելն ահաբեկչություն է Նիկոլ Փաշինյանի կողմից. Գագիկ Համբարյան

Մեզ «6-րդ վարչություն» հրավիրելն ահաբեկչություն է Նիկոլ Փաշինյանի կողմից. Գագիկ Համբարյան
Մայիս 22 20:58 2020

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վաղը չի ներկայանա Ոստիկանության «6-րդ վարչություն»։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց քաղաքագետը։

«Ծանուցումը ստացել եմ այսօր, որ վաղը գնամ հարցաքննության, սակայն ես վաղը հաստատ չեմ կարող գնալ։ Ես քննիչին անընդհատ զանգահարում եմ, որպեսզի տեղեկացնեմ այդ մասին, սակայն հեռախոսազանգերն անտեսվում են։ Ես բնակվում եմ Գյումրիում, եւ քննիչ ինձ ուղարկում է ծանուցագիրը ժամը 16։44-ին, թող մի քանի օր շուտ տեղեկացնեին, որ կարողանայի Գյումրիից Երեւան գալ»,- հայտնեց Համբարյանը։

Քաղաքագետի ենթադրմամբ՝ գործի շրջանակը կապված է Նիկոլ Փաշինյանի աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի դատական հայցի հետ. «Արթուր Դանիելյանին արդեն հրավիրել էին Ոստիկանության «6-րդ վարչություն», հիմա ինձ են հրավիրում։ Ես որեւէ գրառում իմ անունից կոնկրետ փաստերով չեմ հրապարակել։ Ես հղում եմ տվել լրատվամիջոցներին, սակայն, ինչպես հասկանում եմ, դա Փաշինյանի ներկայացուցիչների համար բացարձակ միեւնույն է։ Նրանք պատրվակ էին փնտրում՝ բերանս փակելու, ահաբեկելու համար, որպեսզի ես վերջ տամ իմ գործունեությանը, որը նրանց շահերի հետ չի համընկնում։ Երբ մայիսի 2-ին հրապարակել եմ իմ վերլուծությունը այդ մաքսանենգության վերաբերյալ, այդ վերլուծության մեջ կոնկրետ մեջբերել եմ՝ մայիսի 1-ին բազմաթիվ ԶԼՄ-ներ հրապարակել են մի հայտնի նյութ։ Ողբալի է, որ «6-րդ վարչությունում» չկան գրագետ քննիչներ, որպեսզի տեսնեն՝ ինչ կապ ունի Գագիկ Համբարյանը այդ տեղեկության հետ, եթե ինքն ընդամենը հղում է տալիս ԶԼՄ-ներին»։

Համբարյանն ասաց, որ եթե այդ գործը փորձեն «իր վրա կարել», ապա կստացվի, որ դա եղել է քաղաքական պատվեր. «Եվ մեզ՝ «6-րդ վարչություն հրավիրելն են ահաբեկչություն է Նիկոլ Փաշինյանի կողմից»։

Ադրադառնալով մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերին, որում ասվում էր, որ իշխանությունը ոչ մի անօրինականություններ չի անում, եւ, որ այլեւս չեն հերքելու նման տեղեկությունները, Համբարյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանը բացահայտ արհամարհանք դրսեւորեց ամբողջ հասարակության նկատմամբ։ Պետք չէ մոռանալ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ պարոն Փաշինյանն իր ուղիղ եթերում լուրջ դեմքով հայտարարում էր, որ այսուհետեւ իրենք բոլոր տեսակի տեղեկություններին անպայման կարձագանքեն։  Երբ արդեն խոսքը վերաբերում է կոնկրետ փաստերին, անձանց կողմից հնչում են կոնկրետ մեղադրանքներ, Փաշինյան հիմա էլ փորձում է հայտարարել, որ ինքը մտադրություն չունի այդպիսի մեղադրանքները հերքել»։

loading...