Կողոպտել էր տանտիրուհուն ու փախել․ հարեւանը տեսել է, անգամ բռնել է, բայց կասկածյալին հաջողվել է դուրս պրծնել


Կողոպտել էր տանտիրուհուն ու փախել․ հարեւանը տեսել է, անգամ բռնել է, բայց կասկածյալին հաջողվել է դուրս պրծնել
Մայիս 22 17:56 2020

Մայիսի 17-ին Արարատի մարզում կողոպուտ էր կատարվել:

Ժամը 11.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ Արեւշատ գյուղի տներից մեկը գող է մտել: Փորձել էին բռնել, բայց հանցամիտը փախել էր:

Օպերատիվ խումբը մեկնեց Արեւշատ: Պարզվեց` ահազանգից րոպեներ առաջ ինչ-որ մեկը բացել էր նշված տան մուտքի դռան փականը, հյուրասենյակում տանտիրուհու պայուսակից գողացել փող ու բանկային քարտ: Հարեւանը նկատել էր, նույնիսկ բռնել, բայց կասկածյալին հաջողվել էր փախչել:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին. արդյունքում պարզվեց, որ կողոպուտը կատարել է նախկինում դատապարտված, Արեւշատ գյուղի 38-ամյա մի բնակիչ:

Նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, կասկածվողը գյուղի գերեզմանատնից բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Նա ներկայացվել է Արարատի մարզի քննչական վարչություն եւ ձերբակալվել:

Հանգամանքները պարզվում են:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

38-ամյա տղամարդը կալանավորված է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: