Քարոզարշավի մեկ շաբաթը. ով ինչպես աչքի ընկավ


Քարոզարշավի մեկ շաբաթը. ով ինչպես աչքի ընկավ
Ապրիլ 28 14:41 2017

Երեւանի ավագանու՝ մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակվում է: Երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում ընտրողների հետ, ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը: Այսօր նախընտրական քարոզարշավի յոթերորդ օրն է:
Armday.am-ն ամփոփել է քարոզարշավի մեկ շաբաթը, ով, ինչպես եւ ինչ ձեւաչափով իրականացրեց քարոզարշավը:

ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ նախընտրեց տանիքներ բարձրանալը: Դաշինքի անդամները քարոզարշավի շրջանակներում անտարբեր չանցան եւ ոչ մի տանիքի կողքով, ավելի ճիշտ՝ վրայով: «Տարոն Մարգարյանի հուսահատության գազելից ելք կա»: Եթե այս արտահայտությունը հնչում էր, ուրեմն ԵԼՔ դաշինքի անդամներն էին այդտեղ: Նրանց պետք էր փնտրել տանիքների վրա: Մեկ շաբաթվա ընթացքում նրանք ակտիվորեն հանդիպումներ ունեցան ընտրողների հետ, քաշքշուկների մեջ ընկան: Քարոզարշավի երրորդ օրը Աջափնյակ վարչական շրջանում դաշինքի անդամների հետ վիճաբանության մեջ էր մտել մի երիտասարդ, ով, ըստ տեղեկությունների, նույն ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արման Սահակյանի վստահված անձն է եղել: Փաշինյանը դիմեց ոստիկանություն: Մինչ այդ, իհարկե, հասցրել էին երգել ու կլիպ նկարել: Ձայնային տվյալներ կատարողներից շատերը չունեին, բայց, իհարկե, ճաշակին ընկեր չկա: Փաշինյանը ոմանց մոտ ասոցացվեց որպես երգիչ: Ամեն դեպքում մամուլում հրապարակվեց տեղեկություն, թե չարբախցի մի կին ասել է, որ Նիկոլ Փաշինյանը լավ է երգում եւ դրա համար հենց նրան է ընտրելու:

Հաջորդիվ Երկիր Ծիրանի կուսակցությունն է: Զարուհի Փոստանջյանը քաղաքապետի միակ կին թեկնածուն է: Վերջինս երգ չերգեց, չնայած, որ ասել էր, որ իր ազգականներից շատերը ձայնային լավ տվյալներ ունեն: Փոստանջյանը քարոզարշավի հենց սկզբից կոտրեց որոշ կարծրատիպեր: Նա հանեց բարձրակրունկները, կրելով սպորտային հագուստ՝ հեծանվաերթ կատարեց: Փոստանջյանը տանիքներ չի բարձրանում, փոխարենը մտնում է սպասարկման կենտրոններ, մեկ առ մեկ բարեւում բոլորին, բաժանում նախընտրական ծրագիրը: Երկիր Ծիրանի կուսակցությունը խոստանում է ընտրվելու դեպքում՝ արեւի քաղաքին ջերմություն բերել: Իհարկե, փոխաբերական իմաստով, քանի որ վաղուց է բոլորին հայտնի է, որ ջերմություն «բերողը» Գագիկ Սուրենյանն է: Քարոզաշավի մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումները շարունակեցին մամուլի ասուլիսներով, բակային հանդիպումներով:

Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցող երրորդ ուժը ՀՀԿ-ն է՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Մարգարյանը գնում է վարչական շրջաններ, ելույթներ ունենում, հայտարարում, որ ինչ անում են, հանուն Երեւանի են անում: Մարգարյանի պատիվը բարձր պահողներն էլ հետն են գնում: Սիրուն տեքստեր արտեբերում: Օրինակ Մալաթիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը ասել էր, որ ամեն ինչ համեմատության մեջ է: Բայց ոչ մի բան չէր համեմատել: Աջափնյակում էլ մարդիկ այնքան էին ոգեւորվել, որ պարոն Տարոն Մարգարյանին են տեսել, որ հայտարարեցին, թե բոլորը նրան են ընտրելու եւ կասկածող են ման գալիս: Մինչ կասկածող ման կգան, մեկ այլ հանդիպումներից մեկի ժամանակ մի տարեց կին հայտարարեց, թե ամեն գիշեր քնելուց առաջ համբուրում է Տարոն Մարգարյանի լուսանկարը: Թերեւս սիրո արտահայտման ձեւերը տարբեր են: Բայց թողնենք զգացմունքայնությունն ու առաջ գնանք:

Ի դեպ նախընտրական քարոզարշավի հենց մեկնարկից Նիկոլ Փաշինյանը Տարոն Մարգարյանին հրավիրեց բանավեճի: Մարգարյանը հրաժարվեց: Ասում է՝ շոուի չի մասնակցում: Թե ինչ շոուի մասին էր ասել, այդպես էլ հայտնի չդարձավ:

Ընթացող նախընտրական քարոզարշավի ուշագրավ դրվագները առանձնացրել էր Փայլակ Ֆահրադյանը: