Շառլ Ազնավուրի մայրենի լեզուն հայերենն է եղել, ֆրանսերենը սովորել է փողոցում. լույս է տեսել նրա «Վերջին դուռը» գիրքը


Շառլ Ազնավուրի մայրենի լեզուն հայերենն է եղել, ֆրանսերենը սովորել է փողոցում. լույս է տեսել նրա «Վերջին դուռը» գիրքը
Մայիս 22 10:44 2020

Newmag-ը հրատարակել է Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը. սա արդեն Ազնավուրի 3-րդ գիրքն է, որ հրատարակչատունը ներկայացնում է հաջորդաբար։ 2019-ի մայիսին Newmag-ը ներկայացրեց Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը, դեկտեմբերին՝ «Մեղմ շշուկովը»։

«Վերջին դուռը» Շառլ Ազնավուրը գրել է 87 տարեկանում, երբ արդեն կյանքի մեծ փորձ էր ձեռք բերել, անցել էր ճակատագրի բոլոր վայրիվերումներով։ Գիրքն անընդհատ կրկնվող պատմություն է, Ազնավուրի մյուս 8 գրքերի նման, պատմություն մարդու, աշխարհի և ճակատագրի մասին:

«Աշխատել եմ նվազագույն միջամտություն անել նրա խոսքում։ Երբ մի լեզվից մեկ այլ լեզու ես փոխադրում, հաճախ բնագրից շեղվելու, վերապատմելու գայթակղություն է առաջանում, սակայն Ազնավուրի դեպքում ջանում եմ հարազատ մնալ նրա խոսքին և մտածողությանը, որ պատկերավոր է», - նշել է թարգմանիչ Համլետ Գասպարյանը։

Ազնավուր թարգմանելը դժվար է այն առումով, որ գրողը սիրում է անընդհատ բառախաղեր անել։ Այդ հնարքը նա շատ է կիրառում չափածոյի և արձակի մեջ։ Թարգմանչի համար մարտահրավերը հենց դրանց հայերեն համարժեքները գտնելն էր։ 

«Երբեմն այդ բառախաղերն անթարգմանելի են՝ հայերեն համարժեք չունեն: Ուստի գրքում ծանոթագրությունների տեսքով նշել ենք, որ սա բառախաղ է և բացատրում ենք, թե  ինչ է նշանակում», - ասում է թարգմանիչ Համլետ Գասպարյանը։

Ազնավուրն իր կյանքի մասին սկսել է պատմել դեռ 70-ականներից։ («Ազնավուրն Ազնավուրի մասին» նրա ինքնակենսագրականը հայերենով լույս տեսավ 1976թ.): Այդ ժամանակվանից նա գրում է իր անցած ուղղու, դժվար մանկության, իր արտիստական դժվար սկիզբների մասին։ Նա ծնվել է 1924 թվականին, երբ հայ գաղթականների մեծ մասը նոր-նոր հաստատվում էր Ֆրանսիայում։ «Վերջին դուռը» գրքում արտիստը կրկին անդրադառնում է գաղթականների պատմությանը, այն տառապանքներին և դժվարություններին, որոնց ցեղասպանությունից մազապուրծ հայերն առնչվեցին իրենց ապաստան տված երկրում։

«Անգամ իր այդ փայլուն կարիերայից հետո, երբ իր արվեստով նվաճել էր աշխարհը, հասել փառքի գագաթնակետին, Ազնավուրը խոստովանում է, որ խորքում մնացել է նույնը՝ «գաղթականի զավակ էի, գաղթականի զավակ էլ մնացի», -ասում է թարգմանիչ Համլետ Գասպարյանը։ 

Ազնավուրի «Վերջին դուռը» նոր էջեր է բացում արտիստի կյանքից։ Գիրքը հատկապես հետաքրքիր է հայերիս համար, այնտեղ մենք գտնում ենք նոր դրվագներ նրա հայկական կյանքի մասին, որոնք ամբողջացնում են արտիսի կերպարը:

«Ազնավուրի գիրքը կարդալիս ընթերցողը կհայտնաբերի, որ նրա թոթովանքի լեզուն, մայրենի լեզուն հայերենն է եղել, իսկ Ֆրանսերենը սովորել է փողոցում։ Սակայն դա չխանգարեց նրան, որ հետագայում դառնա «ֆրանսերեն լեզվի դեսպան» աշխարհում», - ասում է թարգմանիչ Համլետ Գասպարյանը։

Շառլ Ազնավուրի «Վերջին դուռը» գիրքը կարդալիս տեսնում և բացահայտում ենք հեղինակին։ Իր յուրաքանչյուր գրքերում Ազնավուրը նորովի է երևում, խոսքն ու մեջբերումներն արվում են յուրովի։ Այս գրքում Ազնավուրը խոսում է իր նոր հանդիպումների մասին, տալիս է խորհուրդներ։ «Վերջին դուռը» բաց երկխոսություն է ընթերցողների հետ, որովհետև Ազնավուրը շռայլորեն պատմում է իր կյանքի դասերի մասին, որոնցից ընթերցողները կարող են շատ բան սովորել։

«Եթե ուզում ենք ճիշտ ապրել, նոր բաներ սովորել, դրա հնարավորությունը տալիս է Ազնավուրը։ Նա շատ հետաքրքիր անձնավորություն է, շատ հետաքրքիր մարդկանց հետ է շփվել։ Գրքում ուսանելի, ընդօրինակելի բազմաթիվ դրվագներ կան», - ասում է խմբագիր Սամվել Գասպարյանը։

«Վերջին դուռը» գրքում Ազնավուրը պատմում է, թե ինչպես է քվեարկել ընտրություններում, արձագանքել իր մահվան մասին կեղծ լուրերին, ծանոթացել իր «կեղծ» ազգականների հետ, առաջին անգամ նստել նախագահական օդանավ ու աշխատել դեսպանի պաշտոնում։ Եվ վերջապես հենց այս գրքում առաջին ու վերջին անգամ պատասխանում է հարցին. «Դուք Ձեզ ավելի շատ ֆրանսիացի՞ եք զգում, թե՞ հայ»։