Ալեքսանդր Գրիգորյանն ու Ուրարտուի մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողանում վերադառնալ Հայաստան


Ալեքսանդր Գրիգորյանն ու Ուրարտուի մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողանում վերադառնալ Հայաստան
Մայիս 19 23:17 2020

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ու թիմի մի շարք առանցքային ֆուտբոլիստներ այս պահին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան:

Այս մասին ArmSport-ի հարցմանն ի պատասխան հայտնել են երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից:

Այս պահին ակումբի կողմից տարվում են աշխատանքներ՝ գլխավոր մարզչի և ֆուտբոլիստների վերադարձը կազմակերպելու համար, բայց դեռևս ապարդյուն:

«Ալեքսանդր Գրիգորյանի բացակայության ընթացքում մարզումներն անցկացնում են տեղի մարզիչները, բայց ամեն ինչ կատարվում է նրա վերահսկողությամբ: Նա իր ցուցումներն է տալիս, խաղերին հետևում է օնլայն տարբերակով: Ամեն ինչ վերահսկվում է գլխավոր մարզչի կողմից»,- մեզ հետ զրույցում նշել է «Ուրարտուի» մամուլի քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:

Նշենք՝ այս ընթացքում «Ուրարտուն» երկու ստուգողական հանդիպում է անցկացրել՝ նախ մայիսի 11-ին պարտվելով «Լոկոմոտիվին» (1-2), այնուհետև մայիսի 17-ին 2-0 հաշվով առավելության հասնելով «Գանձասար-Կապանի» նկատմամբ:

Մայիսի 14-ին էլ պետք է կայանար «Ուրարտու»-«Վեստ Արմենիա» ստուգողական խաղը, սակայն այն չեղարկվեց ու այդ օրն «Ուրարտուն» երկկողմանի խաղ անցկացրեց:

Բարձրագույն խմբի վերսկսվող առաջնությունում «Ուրարտուն» իր առաջին հանդիպումը կանցկացնի մայիսի 25-ին: 18-րդ տուրի շրջանակում երևանյան թիմն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում իր ուժերը կչափի «Արարատի» հետ: Խաղի մեկնարկը 18:30-ին է:

Աղբյուր  ArmSport.am