Համայնքային ֆինանսավորման նոր մոդել Ապարան քաղաքում. Նոր ֆոնդ է ստեղծվում


Համայնքային ֆինանսավորման նոր մոդել Ապարան քաղաքում. Նոր ֆոնդ է ստեղծվում
Մայիս 19 18:34 2020

«Վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագրեր Ապարան եւ Արթիկ քաղաքներում»   ծրագրի ներքո մշակվել է կայուն ֆինանսավորման մեխանիզմ՝ համայնքային էներգաարդյունավետության ծրագրերին օժանդակելու նպատակով։ Տարածաշրջանում առաջին անգամ կիրառվող այս մեխանիզմը հնարավորություն է տալիս շրջանառելիության շնորհիվ ֆինանսավորել էներգաարդյունավետության ներդրումներ՝ համայնքային շենքերում։

Մայիսի 18-ին, Ապարանի ավագանու արտահերթ նիստը հաստատել է համայնքի «Էներգաարդյունավետության շրջանառու  ֆոնդի» ստեղծման որոշումն  ու դրա գործառնության կարգը։ Այս ֆոնդի մեկնարկը հնարավորություն կտա համայնքին ներգրավել լրացուցիչ միջոցներ՝ էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի այլ ծրագրերի ֆինանսավորման նպատակով։ Նորաստեղծ ֆոնդի համար,  որպես ֆինանասավորման առաջին աղբյուր կծառայի «ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի շրջանակներում Ապարանում կառուցվող արեւային ֆոտովոլտային երկու կայանների գործունեության արդյունքում առաջացած խնայողությունները։

Ապարան՝ համայնքապետարանի շենքի ու մշակույթի կենտրոնի հարակից տարածքներում  այսօր կառուցվող 20 կՎտ եւ 10 կՎտ  արեւային ֆոտովոլտային էներգետիկ համակարգեր շուտով կհանձնվեն շահագործման: Ծրագրի ֆինանասավորման աղբյուրը՝ Եվրամիության կողմից տրամադրված դրամաշնորհն է: Այն իրականացվել է էներգախնայողության աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ։ Առաջին անգամ իրականացվող ծրագիր է, որտեղ շահառուն հենց համայնքապետարանն է: