Գինու վաճառքը ներքին շուկայում 60-70%-ով նվազել է․ Հայաստանի գինեգործների միություն


Գինու վաճառքը ներքին շուկայում 60-70%-ով նվազել է․ Հայաստանի գինեգործների միություն
Մայիս 13 21:08 2020

Գինու վաճառքը ներքին շուկայում 60-70%-ով նվազել է։ Ճգնաժամը կարող է հանգեցնել Հայաստանում գների 10-15% անկման։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

«Ինչ վերաբերում է արտահանմանը, ռուսական շուկա արտահանվող ապրանքների, առաջին հերթին կոնյակի, եկամտաբերությունը, որը փակում է ընդհանուր արտահանման 80-90%-ը, արտարժույթի տատանումների պատճառով, ընկել է մոտ 15%-ով: Ընդհանուր առմամբ, բոլոր արտաքին շուկաներում եկամտաբերությունը ընկել է 30%-ով: Ռուսաստան արտահանման ծավալը համարյա կիսով չափ ընկել է, քանի որ երկրի խոշոր ռեստորանները չեն աշխատում: Արտահանման ծավալների անկում է դիտարկվում նաեւ եվրոպական շուկայում»,- նշեց նա:

Ավագ Հարությունյանն ընդգծեց, որ գինին այնպիսի արտադրանք է, որը մշտական խնամքի կարիք ունի, եւ այսօր այդ առումով խնդիրներ են ծագում, քանի որ կան աշխատավարձի հետ կապված դժվարություններ՝ վաճառքների մակարդակի անկման պայմաններում:

«Ձեռնարկություններում այսօր նկատվում է կրճատում, սակայն միայն արձակուրդներ տրամադրելու ձեւով: Սա վկայում է այն մասին, որ մինչեւ սեզոնի սկիզբը, մարդիկ, ամենայն հավանականությամբ, կրկին կսկսեն ամբողջ ծավալով աշխատել: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա դրանք նույնպես կրճատվում են, քանի որ մարդիկ ավելի քիչ են գնում աշխատանքի: Այս առումով, 15-20 արտադրողներ արդեն դիմել են կառավարության աջակցության միջոցառումներին, որոնք որոշ չափով կարող են լուծել խնդիրը, սակայն դրանք ստանալու գործընթացը շատ երկար է»,- պարզաբանեց նա:

Երկրորդ խնդիրը, նրա խոսքերով, այն է, որ գինեգործները, արտադրության իրացման ցածր մակարդակի ֆոնին, տարաները, որտեղ պահվում է արտադրանքը, չեն դատարկել նույնիսկ 30%-ով, ինչը կարող է ֆերմերներից խաղող գնելու դժվարությունների հանգեցնել:

«Ճգնաժամից, առաջին հերթին, կտուժեն այն ձեռնարկությունները, որոնք մասամբ կեղծ կոնյակ են արտադրում: Ընդհանրապես կոնյակի բիզնեսը առաջիկա 20 տարիների ընթացքում կարող է կորցնել իր գրավչությունը, ինչը կապված է Եվրամիության կողմից ստեղծված խոչընդոտների հետ: Դա, սակայն, կարող է հանգեցնել դրական արդյունքի, եթե հայ արտադրողը կողմնորոշվի դեպի գինին, որը առնվազն 4 անգամ ավելի շահավետ է: Բացի այդ, դա թույլ կտա որոշ չափով նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, որը հաճախ իր քաղաքական նպատակներով օգտագործում է հայկական կոնյակի ներկրման գործոնը»,- հավելեց նա:

Հարությունյանը նպատակահարմար է համարում խաղողի այգիներ ձեռք բերելու հնարավորությունների ստեղծումը այն սխեմայով, որը գործում է անշարժ գույքի գնման համար հիփոթեքային վարկեր ստանալիս:

«Կառավարության գործունեության մյուս կարեւոր ուղղությունը պետք է լինի կոնյակի արտադրության ոլորտում մենաշնորհների դեմ իրական պայքարը»,- եզրափակեց ՀԿ ղեկավարը: