Այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը մի հետաքրքիր փաստ է արձանագրել. տնտեսական մեկնաբան Արա Գալոյան


Այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը մի հետաքրքիր փաստ է արձանագրել. տնտեսական մեկնաբան Արա Գալոյան
Մայիս 6 20:17 2020

Հրապարակվեց մեր երկրի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակի հաշվետվությունը. aյն նախահամավարակային շրջանի մասին բավական մեծ «հիշողություն» ունի. Տնտեսության առանձին դրվագներ նույնիսկ աճի թվեր են արձանագրել. Նույնիսկ արդյունաբերությունը: Այս մասին իր հոդվածում գրել է տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախորդ՝ 2019թ. նման ամենաբարձր աճ արձանագրել են հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը: Աճի ցուցանիշը 26.9 տոկոս է: Արդյունաբերության ընդհանուր ծավալում հանքարդյունաբերության կշիռը փոքր չէ՝ 19.3 տոկոս է: Ուստի այն մեծ մասնաբաժին ունի արդյունաբերության ընդհանուր՝ 8.7 տոկոսանոց աճի մեջ: Մեր արդյունաբերության համակարգում ամենամեծ մասնաբաժինը, բնականաբար, մշակող արդյունաբերությունն ունի:

2019թ․ ընթացքում մշակող արդյունաբերության առանձին ոլորտներ տնտեսական աճ արձանագրել էին: Տեսնենք, թե ոլորտում ի՞նչ է կատարվել այս տարի: Մշակող արդյունաբերության աճի տեմպը հանքահումքայինի հետ համեմատ շատ համեստ է՝ ընդամենը 3.8 տոկոս: Սա կարող է բացատրվել սեզոնային գործոնով: Որովհետև մշակող արդյունաբերության մեջ 2019թ․ սննդի արդյունաբերության մասնաբաժինը 48.4 տոկոս էր: Իսկ 2020 առաջին եռամսյակում այն նվազել է՝ 36 տոկոս: Նույն մշակող արդյունաբերության 27 տոկոսը բաժին է ընկնում մի ոլորտի, որ կրում է «հիմնային մետաղների արտադրություն» անունը: Մշակող արդյունաբերության մեջ նվազել է վերջին շրջանում «սիրելի» դարձած մանածագործությունը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 9.8 տոկոսով): Սա կորոնավիրուսով չես պայմանավորի:

Ծայրահեղական բնապահպաններից թաքուն է պետք պահել այն, որր մշակող արդյունաբերության աճի մեջ իր մասնաբաժինն ունի «քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունը», որն անցած տարվա համեմատ աճել է 30 տոկոսով: Թաքուն պահել պետք է հատկապես այն պատճառով, որ այսօր շատ ճյուղերի նման քիմիականի ապագայի հեռանկարը անորոշ է:

Այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը մի հետաքրքիր փաստ է արձանագրել: Վերջին երկու տարիներին էլեկտրաէներգիայի արտադրությունն անխոջ կրճատվում էր: Այս տարի էլեկտրաէներգիայի արտադրությունը 11 տոկոս աճել էր նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Պաշտոնապես շատ ուշ կպարզվի պատճառը: Հնարավոր է, որ արտադրությունն աճել է արտահանման նպատակով: Հնարավոր է, որ օգտագործվել է երկրի ներսում: Ասենք նույն մշակող արդյունաբերության մաս կազմող «պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրության» համար, որը նախորդ տարվա համեմատ 58.3 տոկոս աճ արձանագրելը:

Տնտեսական աճի արձանագրումը այս տարի ևս նախորդ երկու տարվա նման կապված է հանքարդյունաբերության, բացահանքերի շահագործման, մետաղամշակման և, բնականաբար, գյուղմթերքի վերամշակման ավանդական ոլորտների հետ: Մեր իշխանությունների արդյունաբերության արդիականացման, ՏՏ, ժամանակակից ու գերժամանակակից ոլորտների ներդրման ու աջակցության իրական վիճակը նկատելի է, օրինակ, «համակարգիչների, օպտիկական և էլեկտրոնային սարքավորումների արտադրության» ցուցանիշից: Այն նախորդ տարվա համեմատ կրճատվել է քառորդի չափով՝ 25.3 տոկոսով: Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտն էլ ցածր թվեր ունի: Ավանդական ցածր (կորոնավիրուսն այստեղ մեղքի բաժին չունի): Ոլորտը, ֆինանսական արտահայտմամբ, կրճատվել է 17.8 տոկոսով:

Ահա այսպիսին էր մեր արդյունաբերության պատկերը համավարակի շեմին: