Երեկվանից արդեն կան խախտումներ թույլ տված ընկերություններ․ ԱԱՏՄ


Երեկվանից արդեն կան խախտումներ թույլ տված ընկերություններ․ ԱԱՏՄ
Մայիս 5 22:54 2020

Երեկվանից արդեն կան խախտումներ թույլ տված ընկերություններ։ Խախտումների բացահայտման ուղղությամբ մշտադիտարկում է իրականացվում ողջ հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

Թեժ գծով ստացված զանգերը վկայում են, որ քաղաքացիները եւս նկատել են այդպիսիք։ ԱԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողական աշխատանքներին զուգահեռ ուժեղացրել է նաև Թեժ գիծ ծառայությունը: Թեժ գծով ստացված բողոքները հիմք են հանդիսանում դրանց հետքերով գնալու համար:

Վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացրել է մշտադիտարկում ավելի քան 770 կազմակերպությունում ու մասնաճյուղերում՝ պարզելու՝ որքանով են պահպանվում Պարետի ցուցումով հաստատված նորմերը։ Մշտադիտարկումների եւ արձանագրված խախտումների հիմքով 98 կազմակերպության հանդեպ ՀՀ պարետի կողմից կայացվել է ժամանակավոր կասեցման որոշում:

Կան տնտեսվարողներ, որոնց մոտ անգամ կասեցումից հետո են կրկնվում որոշ խախտումներ։ Կան տնտեսվարողներ, որոնք դեռ սահմանափակումների թուլացման նախօրեին՝ պարետի որոշումն ուժի մեջ չմտած, արդեն զանգահարում են և խնդրում խորհրդատվություն տրամադրել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն նորմերի պահպանման ուղղությամբ, ինչով պետք է ապահովեն իրենց աշխատակիցներին։ Այս առումով տնտեսվարողի բարեխղճությունն անչափ կարեւոր է։