Ստեղծված իրավիճակում կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն առանձնահատուկ որակով, տեմպով ու ծավալով. վարչապետ


Ստեղծված իրավիճակում կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն առանձնահատուկ որակով, տեմպով ու ծավալով. վարչապետ
Մայիս 4 17:19 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար 2020թ. պետական բյուջեով հատկացվել է 4.4 մլրդ դրամ: Այս միջոցներն ուղղվելու են կրթական օբյեկտների նորոգմանը, մշակութային ոլորտի հուշարձանների վերականգնողական աշխատանքների իրականացմանը, հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացմանը, թատրոնների շենքերի կապիտալ վերանորոգմանը եւ այլ ուղղություններով: Բացի այդ, պատրաստ են շուրջ 4.7 մլրդ դրամի շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Այս համատեքստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը զեկուցել է շուրջ 74 կրթական միավորի նախագծերի մշակման աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով, որ դրանք ամբողջությամբ ավարտին կհասցվեն մինչեւ 2020 թ. հուլիսի վերջ:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Վարչապետը նշել է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում կապիտալ ծախսերը պետք է իրականացվեն առանձնահատուկ որակով, տեմպով ու ծավալով, ինչին կնպաստի նաեւ կապիտալ ծախսերի նախագծային աշխատանքների եւ արդեն պատրաստ նախագծերի մրցույթների զուգահեռ իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաեւ գույքագրել բոլոր գերատեսչություններում առկա պատրաստ նախագծերը, հստակեցնել մրցութային ընթացակարգերը եւ արագ կյանքի կոչել:

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ներկայացրել է մշակութային հուշարձանների վերականգնման, պահպանության եւ զարգացման ուղղությամբ մի շարք առաջարկներ:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարեւորում է պատմամշակութային ժառանգության պահպանության, վերականգնման եւ զբոսաշրջային գրավչության բարձրացման ուղղությամբ շարունակական աշխատանքը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հարցը պետք է դիտարկել համալիր լուծումների համատեքստում եւ հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկել առաջարկները, մշակել կոնկրետ հայեցակարգեր ու նախագծեր: