Ո՞ր խոստումն են կրկնում քաղաքապետի երեք թեկնածուները

Ո՞ր խոստումն են կրկնում քաղաքապետի երեք թեկնածուները
Ապրիլ 25 16:28 2017

Մայիսի 14-ին Երեւանում նշանակված են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկած է: Երեք քաղաքական ուժ է մասնակցում ավագանու ընտրություններին: ՀՀԿ, ԵԼՔ դաշինք եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունների ներկայացուցիչները շարունակում են հանդիպումները ընտրողների հետ ներկայացնում իրենց նախընտրական ծրագրերը:

Armday.am-ն առաձնացրել է երեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի ուշագրավ կետերը: Ով ինչպես եւ ինչ ծրագրով է պատրաստվում փոփոխություն իրականացնել Հանրապետության մայրաքաղաքում:

Եվ այսպես ԵԼՔ դաշինքը որպես ծրագրի գլխավոր կետ առանձնացրել է հասարակական տրանսպորտի ներկայիս վիճակը փոխելը: Մասնավորապես դաշինքի նախընտրական ցուցակում կարդում ենք, որ քաղաքային իշխանությունը ստանձնելու պարագայում նրանք ավտոբուսային միջացնքի ձեւավորման հարցն են կարգավորելու: Ընտրվելու դեպքում, դաշինքը խոստանում է ձևավորել հեծանվային միջանցք հեծանվորդների անարգել երթևեկությունը կազմակերպելու համար, ներդնել հեծանիվով երթևեկողների խրախուսման միջոցներ:

Գրեթե բառացի նույնը կարելի է կարդալ նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագրում: Տարբերությունը միայն նա է, որ Զարուհի Փոստանջյանի գլխավորած կուսակցությունը առաջնային է համարում վերգետնյա հանրային տրանսպորտի և, առաջին հերթին, մագիստրալ երթուղիների կենտրոնացված կառավարման համակարգի ներդրումը:

Հանրային տրանսպորտի թեման չի շրջանցվել նաեւ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում: ՀՀԿ-ն խոստանում է ամբողջական փոփոխության ենթարկել հանրային տրանսպորտի ոլորտը՝ համապատասխանեցվելով միջազգային չափանիշներին, ինչը ենթադրում է և՛ շարժակազմի արդիականացում, և՛ միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում, և՛ ընդհանուր սպասարկման որակի բարելավում, ինչպես նաև՝ սոցիալական խմբերին արտոնությունների տրամադրում։

Փաստացի ստացվում է, որ երեք քաղաքական ուժերն էլ առաջնային են համարում տրանսպորտի խնդիրը: Միայն, թե ի տարբերություն ԵԼՔ-ի եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության, ՀՀԿ-ն հինգ տարի ժամանակ է ունեցել այդ ոլորտում առկա խնդիրները լուծելու համար, թե ինչու եւ ինչ պատճառներով չի իրականացրել, որ հիմա խոստանում է ընտրվելու դեպքում իրականացնել  կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում: