Արցախից եւս 4 քաղաքացու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության. Ասկերանում 14 քաղաքացիներ ինքնամեկուսացված են


Արցախից եւս 4 քաղաքացու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության. Ասկերանում 14 քաղաքացիներ ինքնամեկուսացված են
Ապրիլ 10 14:39 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առավոտյան թեստավորված 9 քաղաքացիներից բացի՝ ևս 4 հոգու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության, որոնց արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

«Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանում 14 քաղաքացիներ ինքնամեկուսացված են՝ պայմանավորված ՀՀ-ից բեռնափոխադրում իրականացրած անձի հետ ունեցած շփումներով:

Բեռնափոխադրում իրականացնող անձը Արցախի տարածքում եղել է մի քանի ժամ և շփվել է ընկերություններից մեկի պահեստի անձնակազմի հետ: Վերջիններիս, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացրել են. այս պահի դրությամբ առողջական խնդիրներ չունեն և գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո: ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ մասնագետների կողմից այդ տեղանքում իրականացվել են անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ:

Արցախ մուտք գործած բեռնատարի վարորդը կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ չունի, սակայն ՀՀ-ում մեկուսացվել է՝ճիշտ նույն նկատառումներով, ինչպես ինքնամեկուսացվել են Արցախի վերոնշյալ 14 քաղաքացիները»: