«Covid-19 համաճարակը շրջադարձային ժամանակահատված կդառնա»․ Microsoft


«Covid-19 համաճարակը շրջադարձային ժամանակահատված կդառնա»․ Microsoft
Ապրիլ 10 14:30 2020

Covid-19 համաճարակը շրջադարձային ժամանակահատված կդառնա, որն ընդմիշտ կփոխի աշխատանքի և ուսուցման ֆորմատը, The Verge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Microsoft 365 բաժնի ղեկավար Ջարեդ Սպատարոն։

2020թ․ մարտի ամսին Microsoft Teams կորպորատիվ մեսենջերի պահանջարկը բարձրացել է ամբողջ աշխարհում։ Մեկ շաբաթվա ընթացքում օրական օգտատերերի քանակն ավելացել է` 32 մլն-ից հասնելով 44 մլն։

Դեռ մարտի 31-ին ընկերությունը ֆիքսել է նաև Teams-ում զանգերի ռեկորդային տևողություն՝ 1 օրվա ընթացքում 2․7 մլրդ րոպե։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր մարտի 16-ին՝ 900 մլն րոպե, ինչը 200 տոկոսով պակաս է վերջինից։

Բացի այդ, բարձրացել է համակարգիչների և նոթբուքերի պահանջարկը, քանի որ մարդիկ հասկացել են՝ iPad-ը հարմար չէ հեռավար աշխատանքի համար, ասել է Սպատարոն։

Նա նաև նշել է, որ իր կանխատեսմամբ՝ համաճարակից հետո էլ հեռավար աշխատանքը կպահպանվի։ Օրինակ՝ Չինաստանում կարանտինից հետո Microsoft-ը ֆիքսել է Teams մեսենջերի օգտագործման կրկնակի աճ։

«Այն, ինչ հիմա կատարվում է Չինաստանում և Սինգապուրում, կարելի է անվանել ժամանակի մեքենա։ Հասարակության մեջ գործում են նոր սահմանափակումներ և աշխատանքի նոր ֆորմատներ։ Համաճարակի ավարտից հետո կհայտնվի նոր նորմա՝ մենք դեռ երկար կօգտագործենք այս նոր գործիքները։»,- ասել է Սպատարոն։