70 մեկուսացվածներից 7-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ Թորոսյան

70 մեկուսացվածներից 7-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ Թորոսյան
Ապրիլ 10 14:29 2020

Երեկ մոտ 70 մեկուսացված անձանց կորոնավիրուսի թեստավորում է անցկացվել, եւ 7-ի պատասխանը դրական էր, այսինքն՝ այդ անձանց մոտ հայտնաբերվել էր COVID-19-ի հարուցիչը։ Այս մասին Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ այս դրական դեպքերը եւս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան կարեւոր է մեկուսացնել Հայաստան ժամանող մարդկանց․ այս 7 հոգին եթե մեկուսացված չլինեին, վերջին 14 օրերի ընթացքում վարակը կտարածեին այլ մարդկանց շրջանում։ Ավելին՝ եթե նրանք թեստավորվեին Հայաստան ժամանելիս, հետազոտության արդյունքները հավանաբար բացասական կլինեին, եւ նրանք, ազատ տեղաշարժվելով, էլի կտարածեին վարակը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 937-ի:

Բացասական արդյունք է արձանագրվել 5160 (վերջին մեկ օրում՝ 258) թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 4-ով):

 

loading...