ԶԼՄ-ներ. «Յուքոմի» ամբողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել


ԶԼՄ-ներ. «Յուքոմի» ամբողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել
Ապրիլ 10 11:48 2020

Հայաստանի կապի օպերատոր և լայնաշերտ ինտերնետի ոլորտի առաջատարներից «Յուքոմ» ընկերության ղեկավար անձնակազմն ամբողջությամբ հրաժարական է տվել, տեղեկացնում է «ՍիվիլՆեթը»։

Հրաժարական տված անձանց թվում են նաև Ալեքսանդր և Հայկ Եսայանները, որոնք «Յուքոմի» հիմնադիրներից են։ Նրանց թվում են նաև բոլոր բաժինների տնօրենները, այդ թվում` ֆինանսական, իրավաբանական, կադրային և այլն։

Ըստ «ՍիվիլՆեթի»՝ պատճառը «Յուքոմի» ղեկավարների և բաժնետերերի միջև սկիզբ առած հակասություններն են։ Թեև Եսայան եղբայրներն իրենց թիմով էին հիմնել ընկերությունը, հետագայում այնտեղ բաժնեմասեր էին ձեռք բերել նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն ու ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը՝ իր բանկի և մերձավորի միջոցով։ Եսայան եղբայրների բաժնեմասը 6 տոկոս էր, նրանց էր վստահված նաև կառավարումը։

Ըստ 1lurer.am-ի` խոսքն ավելի քան 50 առանցքային աշխատակցի մասին է, իսկ պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են «Յուքոմի» տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուքոմը» գնելու է Beeline-ի բաժնետոմսերը։ Գագիկ Խաչատրյանի որդիների ու ընկերության կառավարիչների միջև հակասություն է սկսվել այն պահից, երբ պարզվել է, որ կառավարումն իրականացնելու են Beeline-ի նշանակած մարդիկ՝ դուրս մղելով Եսայան եղբայրներին և հիմնադիր թիմը։ 

Ըստ «Յուքոմի» կառավարիչներից մեկի` բացի Խաչատրյաններից, տարաձայնություններ կան նաև Սամվել Կարապետյանի բաժնեմասը տնօրինողների հետ, կա նաև անհամաձայնություն ռազմավարական պատկերացումների շուրջ։

Beeline ապրանքանիշի ներքո ներկայացող «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր բաժնետոմսերը «Յուքոմ» շարժական կապի օպերատորին վաճառելու համար թույլտվություն ստանալու հարցով: «Յուքոմի» և Beeline-ի միջև պաշտոնական գործարք չի եղել։

«Յուքոմն» ու Beeline-ը բջջային կապի հայկական 3 օպերատորից 2-ն են, այսպիսով՝ նրանց միավորմամբ երկրում կմնա բջջային կապի 2 օպերատոր։ Ընկերությունները նաև հիմնական խաղացողներ են ֆիքսված ինտերնետի ու հեռախոսակապի ծառայությունների շուկաներում։