Կորոնավիրուսը կարող է քայքայել ուղեղի հյուսվածքները եւ նեկրոզ առաջացնել. «Իզվեստիա»

Կորոնավիրուսը կարող է քայքայել ուղեղի հյուսվածքները եւ նեկրոզ առաջացնել. «Իզվեստիա»
Ապրիլ 10 10:16 2020

Նոր կորոնավիրուսը կարող է քայքայել գլխուղեղի հյուսվածքները եւ բացասական ազդեցություն ունենալ սիրտ-անոթային համակարգի վրա: Ավելին՝ կորոնավիրուսը կարող է նյարդաբանական բարդություններ առաջացնել՝ առանց թոքերի վրա ազդելու: Այս մասին «Իզվեստիային հայտնել են ռուս մասնագետները: Նրանց խոսքով՝ ուղեղի աշխատանքի խափանման մասին կարող է վկայել հոտառության կորուստը:

Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, մոլեկուլային վիրուսաբանության եւ ուռուցքաբանության ոլորտի հետազոտությունների ղեկավար Անդրեյ Կոզլովը նշել է, որ ուղեղի հատվածների մեռուկացում կարող են առաջացնել գրիպի եւ հերպեսի վիրուսները, ինչպես նաեւ նոր տեսակի կորոնավիրուսը:

«Մի քանի հոդվածներում նշված է, որ որոշ պացիենտների թոքերի աշխատանքը խախտված չէ, բայց դիտվել է ցրված գիտակցություն կամ էպիլեպտիկ նշաններ: Ավելի վաղ արդեն նշված համի եւ հոտառության կորստի հետ միասին այսպիսի ախտանիշները կարող են մատնացույց անել կորոնավիրուսի կողմից ուղեղի հյուսվածքների վարակման մասին»,- ասել է պրոֆեսորը:

Տյումենի պետական համալսարանի Կենսաբանության ինստիտուտի աշխատակից Նիկոլայ Կարպովն իր հերթին նշել է, որ ուղեղի հյուսվածքների ախտահարումը կարող է զարգանալ այն բանի հետեւանքով, որ կորոնավիրուսով վարակվածի իմունային համակարգի բջիջները սկսում են ակտիվորեն արյան մեջ նետել ցիտոկիններ՝ բարդ սպիտակուցներ, որոնք մասնակցում են մարդկային օրգանիզմի մեծ թվով իմունային եւ բորբոքային պրոցեսների:

Նովոսիբիրսկի պետական համալսարանի բիոտեխնոլոգիայի եւ մանրէաբանության լաբորատորիայի ղեկավար, ՌԳԱ թղթակից անդամ Սերգեյ Նետեսովը եւս կարծում է, որ կորոնավիիրուսը, հնարավոր է, իսկապես ախտահարում է ուղեղը, սակայն այս տեսության հաստատման համար անհրաժեշտ է սպասել բժիշկների բարձր որակի դիտարկումներին, որոնք հիմա զբաղված են COVID-19-ով վարակված մարդկանց բուժմամբ:

NEWS.am Medicine

loading...