Երաշխավորել անապահով խավի նվազագույն կարիքների բավարարումը․ «Սասնա ծռերի» առաջարկները

Երաշխավորել անապահով խավի նվազագույն կարիքների բավարարումը․ «Սասնա ծռերի» առաջարկները
Ապրիլ 9 18:21 2020

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Համաճարակի ժամանակ տնտեսության հարկադիր պարապուրդի պատճառով զգալի չափով ստվարանում է անապահով խավը, ինչպես նաև վատթարանում է նրա սոցիալական վիճակը։

Հաճախ մարդիկ պարզապես սովի են մատնվում, իսկ նրանցից վարձով բնակվողները նաև զրկվում են տանիքից։

Այս խավին աջակցելու նպատակով իշխանության ձեռնարկած քայլերը բավարար չեն թե՛ ծավալի և թե՛ հասանելիության առումներով։

Խնդիրն արդյունավետ կերպով լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել փաստացի վիճակը, այլ ոչ թե ներկայիս նման օգնությունը հասցեագրել միայն որոշ կատեգորիաների։

Ըստ այդմ՝ առաջարկում ենք.

1) պարետատան կառուցվածքում ստեղծել այդ խնդրի լուծումը համակարգող ստորաբաժանում,

2) բոլոր հնարավոր աղբյուրների, այդ թվում՝ սոցիալական ծառայության կառույցների, ոստիկանության, համատիրությունների, ինչպես հասարակական և այլ կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և անհատ քաղաքացիների կամ հենց աջակցության կարիք ունեցողների տեղեկությունների հիման վրա ստեղծել վերջիններիս տվյալների բազա,

3) կարիքավորներին բաժանել կտրոններ, որոնցով նրանք կկարողանան ձեռք բերել պարենային և սանհիգիենիկ ապրանքներ (բացառությամբ ծխախոտից և ալկոհոլային խմիչքներից), իսկ դրանց վաճառքն իրականացնող սուբյեկտներին փոխհատուցել պետական և/կամ այդ նպատակին ծառայող հիմնադրամների միջոցներից,

4) ստեղծել կտրոնային համակարգից ինքնուրույնաբար կամ այլ անձի միջոցով օգտվելու հնարավորությունից զրկված անձանց (միայնակ ծերեր, տեղաշարժման սահմանափակմամբ այլ անձինք, վարակակիր լինելու պատճառով ինքնամեկուսացածներ և այլն) առաջին անհրաժեշտության պարենային և սանհիգիենիկ ապրանքներով ապահովելու մեխանիզմ,

5) փոխհատուցել վարձակալությամբ բնակվողների վարձավճարը»:

loading...